Հեյդար Ալիևի նախկին խորհրդականը պնդում է, որ նախկին նախագահին սպանել են
AzPolitika.info-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի իրավական հարցերով նախկին (երբ Ալիևը Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր) խորհրդական Էլման Ջալիլովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ:
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Հեյդար Ալիևը չի մահացել իր բնական մահով, նրա սպանությունը պետք է հետաքննվի, և պետք է բացահայտվեն նրա սպանությանը մասնակից եղած անձինք: Ջալիլովը հավելել է, որ այդ հարցով արդեն իսկ դիմել է պետության ղեկավարին և նամակին կցել է մի գիրք, որում նա նկարագրում է իր վարկածի մանրամասները:
Ջալիլովի կարծիքով՝ Հեյդար Ալիևի մահը պարուրված է բազմաթիվ գաղտնիքներով: Նրա վարկածի համաձայն, Հեյդար Ալիևի սրտի խթանիչը ղեկավարվել է կողքից, և ելույթի ժամանակ նրա ընկնելը եղել է պլանավորված:
Հեյդար Ալիևին սպանելու դրդապատճառների հետ կապված՝ Ջալիլովն ընդգծել է, որ իշխանության ղեկին իր դիրքերի ամրապնդումից հետո նախկին նախագահը գործել է Արևմուտքի շահերից դուրս.
«Նա, մասնավորապես, սկսել էր հասկանալ, որ խաբվել է նավթային պայմանագրերի ու Ղարաբաղյան հարցերում և փորձում էր ուղղել իր սխալը: Իսկ դա հարուցեց Արևմուտքի դժգոհությունը: Այդ ժամանակ իրականացվում էր քաղաքական առաջնորդներին վերացնելու հետևողական քաղաքականություն:
Ներկայումս արդեն հայտնի է Թուրգութ Օզալի սպանության մասին, ինչպես նաև քրեական գործ է հարուցվել՝ կապված Աբուլֆազ Էլչիբեյի սպանության հետ: Այս սպանությունները փոխկապակցված են: Այն փաստը, որ Հեյդար Ալիևի սպանության փաստը դեռ հետաքննված չէ, հակասում է Ադրբեջանի ազգային շահերին:
Բացի այդ, վերջերս մի շարք օտար ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հեյդար Ալիևը, իբրև թե, մասնակից է Թուրգութ Օզալի սպանությունը: Իրականում դա անհնարին է սկզբունքորեն»:
Հիշեցնենք, որ երբ Հեյդար Ալիևը 2003 թվականի ապրիլի 21-ին ելույթ էր ունենում Հանրապետության պալատի հանդիսավոր նիստում, սրտի շրջանում ցավեր է զգում և բռնում է սիրտը: Նրան մոտեցած թիկնապահները նախագահին դուրս են բերում բեմից:
10 րոպե անց Ալիևը վերադառնում է բեմ և շարունակում իր ելույթը, սակայն կորցնում է գիտակցությունը, և թիկնապահները վերստին նրան հեռացնում են ամբիոնից: Սակայն Ալիևը վերստին վերադառնում է և ավարտում է ելույթը:
Հեյդար Ալիևը մայիսի 3-26-ին բուժզննում է անցնում թուրքական «Գյուլհանե» զինվորական հոսպիտալում, ուր և նրան տեղավորում են հուլիսի 8-ին: Օգոստոսի 6-ին նրան տեղափոխում են Քլիվլենդի (Օհայո նահանգ, ԱՄՆ) հիվանդանոց, ուր և նա մահանում է դեկտեմբերի 12-ին:
Դրանից առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրում են ժողովրդին ուղղված Հեյդար Ալիևի կոչը, որում նա հայտարարում է, որ հօգուտ իր որդու հրաժարվում է նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումից:
2003 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթում է Իլհամ Ալիևը, ով հաղթում է նաև դրանից 5 տարի անց անցկացված նախագահական ընտրություններում:
Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, և Իլհամ Ալիևը կարող է դրանցում հրաժարվել իր թեկնածության առաջադրումից՝ հօգուտ իր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի: