Զարուհի Փոստանջյանը՝ Տիգրան Սարգսյանին. Ժողովրդի լեզվով ասեմ` խաբող եք, քցող եք
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարեց, թե կարևորագույն փոփոխությունը, որը պետք է իրականացվի՝ մտածելակերպի փոփոխությունն է, վարքագծային կանոնների փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր:
«Միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն և դատապարտելի են բոլորի կողմից: Այո՛, սա հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում»,- նշել էր Տիգրան Սարգսյանը:
Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին այս առնչությամբ հարցրեց. «Ըստ Ձեզ` հեղափոխությունը չպետք է տեղի ունենա փողոցներում, բայց այսօր մարդիկ փողոց են դուրս գալիս իրենց պահանջներով, քանի որ իրենց խնդիրներին լուծում չեն տրամադրում: Հիմա Արմավիրից Երևան եկող ճանապարհը փակ է, իսկ գյուղացիները բողոքում են, կառավորությունից, պահանջում են գումարային փոխհատուցում: Երկու օր առաջ էլ արձանագրվեց նման մի դեպք Երևան-Մարտունի ավտոճանապարհին, երբ թույլ չէին տալիս զոհված զինվորի դիակը բերել Երևան: Նույն օրը փակվեցին նաև Կառավարության շենքի մուտքերը, երբ քաղաքացիները ձեզնից բացատրություն էին խնդրում՝ ճանապարհները փակելու համար:
Դուք ասում եք, որ փողոցում հեղափոխություն չպետք է լինի, բայց քաղաքացիները փողոցում են գտնում լուծումները, որովհետև Դուք այստեղ ելույթ ունենալուց անկեղծ չեք: Մենք երկար ժամանակ անցնաք ու տեսանք, որ Ձեր պաշտոնավարման տարիները ձախողված էին. ձախողված էին և Ձեզ համար, և Ձեր կառավարության համար, և ժողովրդի: Ժողովրդի լեզվով ասեմ` խաբող եք, քցող եք: Չեմ ցանկանում Ձեզ վիրավորել, բայց լսելով Ձեզ` հասկանում եմ, որ եկել եք խաբում եք, ինչո՞ւ եք խաբում»:
Ի պատասխան՝ Տիգրան սարգայանն ասաց. «Երբևիցե Ձեզ մենք չենք խաբել: Անկեղծության դրսևորումը կարևոր է, բայց ես Ձեր անկեղծության դրսևորումները չեմ ընդումում` այդպիսի անկեղծություն պետք չէ մեզ, ոչ մեկին պետք չէ»:
Ինչ վերաբերում է արմավիրցիներին, ովքեր բողոքում են, Տ. սարգսյանն ասաց. «Առաջին օրվանից, մենք այդ հարցով զբաղվում ենք: Խորհրդակցության արդյունքում տրվել են հստակ հանձնարարականներ, ստեղծվել են աշխատանքային խմբեր: Իսկ եթե խոսքը գնում է փոխհատուցման մասին, ապա փոխհատուցում չի լինելու, լինելու է օգնություն: Անգամ ամենազարգացած երկրներում տնտեսվարող սուբյեկտին փոխհատուցում կառավարությունը չի տրամադրում: Բայց մենք անպայման օգնելու ենք գյուղացիներին: Մենք առարկայական, ամենօրյա աշխատանք ենք տանում. հիմա էլ փոխվարչապետը, գյուղնախարարը առավոտվանից այնտեղ են, հանդիպում են մարդկանց:
Ինչ վերաբերում է Կառավարության առջև հավաքված մարդկանց. փորձել հրահրել քաղաքացիներին, որ դուրս գան փողոց, դժգոհության ձայնը բարձրացնել կառավարության դեմ… Ես անձամբ կառավարության շենքում էի ու խնդրեցի պատիվիրակություն կազմել, ում ես կընդունեի, բայց դա տեղի չունեցավ, նրանք ուզում էին կազմակերպել քաղաքական ակցիա: Ոստիկանությունը գործել է օրենքի պահանջներին համապատասխան ու թույլ չի տվել որ ճանապարահատրանսպորտային ռիսկեր առաջանան»:
Զ. Փոստանջյանը շարունակեց՝ նշելով, որ Զինված ուժերում որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, բայց պատասխանատվություն բանակում՝ զոհված զինվորների համար, նրա խոսքով, կրում է նաև դատախազը:
«Ինչո՞ւ միջոցներ չեք գործադրում, որ խարդախ դատախազը հրաժարական տա: Ասացիք սպանության դեպքերը նվազել են, բայց մենք ամեն օր դժբախտ դեպք մասին լուր ենք ստանում»,- վարչապետին հարցրեց պատգամավորը:
Տիգրան Սարգսյանն ասաց. «Այո, Դուք ճիշտ եք, որ ամեն օր լուրեր ենք ստանում տարբեր պատահարների վերաբերյալ: Մենք աշխատում ենք թափանցիկ, ոչինչ չենք թաքցնում, ներկայացնում ենք ողջ ինֆորմացիան, որ ամբողջական ու լիակատար պատկերացում ունենաք` ի՞նչ է կատարվում բանակում: Չեմ կիսում Ձեր գնահատականները մեր դատախազների մասին, պետք է զգուշավոր լինել նման գանհատականներ տալուց այս դահլիճում, դա ճիշտ չէ»: