«Փոփոխությունը կարող է սկսվել ինչ-որ մի կայծից և «Սպայկայի» հրդեհի նման չմարել…»

«Եթե իշխանություն փոխելն այդքան հեշտ լիներ, մինչև հիմա հաստատ որևէ մեկը փոխած կլիներ և չէր սպասի միամիտ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ինքը գար և հեշտու հանգիստ իշխանությունը վերցներ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` խոսելով Հայաստանում ընդդիմադիր պայքարի և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի նոր նախաձեռնության` «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման մասին:

Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել, թե ինչ տեսքով կլինի իշխանափոխությունը, սակայն միաժամանակ նշեց, որ այսպիսի անկայունության մեջ հայտնված քաղաքական համակարգում հաշվի առնելով գների, ծառայությունների թանկացումը և սոցիալական այլ բացասական երևույթները` սոցիալական ընդզվումը միանգամայն հնարավոր է:

«Սա տեսակետներից մեկն է, որ կարող է փոփոխությունը կարող է լինել ուղղակի ներքևից, սկսվել ինչ-որ մի առիթից, կայծից և «Սպայկայի» հրդեհի նման չմարել և տարածվել ամբողջ համակարգով մեկ»,- նշեց Ս.Սաֆարյանը:

«Ես ավելի շատ գտնում եմ, նաև Հայաստանի պատմությունն է դա ցույց տալիս, որ փոփոխությունը, այնուամենայնիվ, տեղի է ունենալու բուրգի միջնամասից: Ի՞նչ իրադարձություն կհանդիսանա դրա ազդակը` ես դժվարանում եմ ասել»,- ավելացրեց պարոն Սաֆարյանը` միաժամանակ փորձելով խնդիրը դիտարկել նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից:

«Մի բան ակնհայտ է, որ եթե Եվրամիությունն այդպես հապճեպ, գլխապատառ շնորհավորում է Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ, հետո հրապարակվում է ԵՄ-ի զեկույցը` Հայաստանի «առաջընթացի» մասին, և դրա մեջ դրվում են պահանջներ` սկսած «Մադրիդյան սկզբունքները» ընդունելու և վերջացրած ամեն ինչով, սա ինչ-որ մի բանի մասին խոսում է: Այսինքն` ճնշումները Հայաստանի նկատմամբ ուժեղանալու են, և պատկերացրեք` ճնշումը մեծանում է մի կառույցի նկատմամբ, որը բացարձակ ռեսուրս և երաշխիք չունի: Էս իշխանության կողքը ոչ ոք չի էլ կանգնելու և ասի. «գիտեք` ինչ, մի ճնշեք նրան, որովհետև մեղք է»: Հակառակը` որքան ճնշումը մեծանա, մարդիկ ուրախանալու են, որ բուրգը վերջապես կարող է փլուզվել»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը:

Իսկ դիտարկմանը, թե ստացվում է, որ «Ժառանգությունը» չունի մշակած ծրագիր և հույսը դրել է իրադարձությունների զարգացման վրա, Ստեփան Սաֆարյանը չհամաձայնեց` նշելով, որ դա սխալ եզրակացություն է:

««Ժառանգությունը», այս պահին և ընդհանրապես վերջին ամիսների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին գտնվելով մարզային այցելություններում, ինստիտուցիոնալիզացիայի է ենթարկում այն մարդկանց, շրջանակներին, ովքեր ուզում են ոչ թե պայքարել մեկ օր և ունենալ հաղթանակ և հաջողություն, այլ հետևողականորեն պայքարել` հաղթանակի հասնելու համար»,- նշեց Ս.Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս