Ընդդիմության վախճանն ու իշխանության խրախճանքը՝ ուղիղ հեռարձակմամբ
Հայաստանում ավարտվեց մեկամյա ընտրական տարին՝ 2012 թվականի՝ ԱԺ, 2013 թվականի փետրվարի՝ նախագահի, և 2013 մայիսի Երևանի ավագանու ընտրություններով: Մայիսի 5-ից հետո գրեթե բոլորը խոսում են այդ մասին, բոլոր քննարկումներում կարմիր թելի պես անցնում է հարցը՝ թե ի՞նչ տվեց ընտրական տարվա ավարտը, ի՞նչ դրական և ի՞նչ բացասական փոփոխություններ արձանագրվեցին, ի՞նչ է լինելու հետո: Այդ հարցերից յուրաքանչյուրին կարելի է տասնյակ պատասխաններ գտնել, բայց այդ բոլոր հարցերի հավաքական պատասխանը հենց այս պահին հեռարձակվում է ուղիղ եթերով՝ Ազգային ժողովի Նիստերի դահլիճից: Այնտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը և այս պահին պատասխանում է պատգամավորների հարցերին, այդ թվում՝ ընդդիմադիր և իրենց ընդդիմադիր ներկայացնող պատգամավորների: Նրանք սուր հարցեր են հնչեցնում կառավարությանն ու վարչապետին, հարցերը համեմում են կոշտ գնահատականներով, Տիգրան Սարգսյանն էլ խոնարհաբար լսում է դրանք, երբեմն՝ նույնքան խոնարհաբար պատասխանում: Զավեշտն այն է, որ Տիգրան Սարգսյանն՝ իր պատասխաններում, հանրապետական պատգամավորները՝ իրենց ելույթներում հենց այս պահը՝ պատգամավորներ-վարչապետ հարց ու պատասխանը ներկայացնում են՝ որպես Հայաստանի ժողովրդավարացման աննախադեպ առաջընթաց: Նրանք մակերեսային հարթությունում չեն սխալվում. միջազգային հանրության ցանկացած ներկայացուցիչ դիտելով ԱԺ նիստի հեռարձակումը՝ կարող է արձանագրել նույնը: Այսինքն՝ Հայաստանում գրեթե կատարյալ ժողովրդավարություն է, յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ուզում է, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներին սուր հարցեր են ուղղում: Եվ զոհեր չկան: Սա իսկապես աննախադեպ առաջընթաց է, որն արձանագրվել է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության գործուն աջակցությամբ: Ընդդիմությունը՝ լեգիտիմացնելով ԱԺ ընտրությունները և վերցնելով պատգամավորական մանդատները, փողոցից տեղափոխվել է խորհրդարանի նորակառույց նիստերի դահլիճ: Ամեն ինչ հրաշալի և ողջունելի կլիներ, եթե լուծվեին բոլոր այն խնդիրները, որոնց պատճառով 2008 թվականից հետո քաղաքականությունը տեղափոխվել էր փողոց: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ բոլոր այդ խնդիրները պահպանվում են, դրանց մի մասը շատ ավելի է սրվել, բայց դրանք քաղաքական օրակարգ դարձրած ուժերն ու գործիչները գնացին խորհրդարան՝ փողոցում թողնելով քաղաքացիներին ու նրանց փողոց դուրս բերած խնդիրները՝ ոչ լեգիտիմ իշխանություն, սոցիալական արդարություն, անպատժելիություն, բարոյալքում, և այլն, և այլն: Ցանկը կարելի է երկար շարունակել, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Էականն այն է, որ այդ խնդիրները մնացել են չլուծված, բայց մարդիկ, որոնց դրանց լուծման համար վստահում էին քաղաքացիները, այլևս ոչ թե փողոցում են, այլ Ազգային ժողովում: Իհարկե, կարելի է հակադարձել, որ այդ մարդիկ ԱԺ են գնացել ոչ միայն ֆիզիկապես, այլև իրենց հետ տարել են փողոցի խնդիրները: Բայց դա, մեղմ ասած, հիմնավոր հակադարձում չի լինի: Քանի որ նրանք խորհրդարանում փոքրամասնություն են՝ անգամ այլընտրանքային ԲՀԿ-ի հետ միանալու դեպքում, հետևաբար՝ իշխանության համար ոչ շահեկան որևէ խնդիր գործնականում չեն կարող լուծել: Վառ օրինակը՝ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը, որը նախընտրական շրջանում հրաշալիորեն ծառայեց իշխանություններին քարոզչական նպատակներով և հենց այսօր տապալվեց: Առաջիկա 4 տարիներին որևէ ընտրություն չկա, չկա նաև փողոցը, և իշխանությունն իրեն զգում է՝ ինչպես ձուկը՝ ջրում: Գրեթե այդպես են իրենց զգում նաև ոչ իշխանական ,,ձկները,,: Կասկածողները կարող են դիտել ԱԺ նիստերը՝ ուղիղ հեռարձակմամբ: