Մարմնավաճառների և նրանց որջերի դեմ պայքարը շարունակվելու է

Շենգավիթի դատախազը պայքար է սկսել համայնքի մարմնավաճառների ու նրանց հովանավորողների դեմ: Իր այս մտադրությունը «Փաստիֆո»-ի հետ զրույցում բացահայտել է մայրաքաղաքի այդ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:

«Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է արգելվեն շրջանում մարմնավաճառների հրապարակային հավաքատեղիները: Երբ հայտնի դարձավ մարմնավաճառի գոյության մասին, անպայման նա պետք է բերման ենթարկվի ոստիկանության բաժին, օրենքով սահմանված կարգով ենթարկվի վարչական պատասխանատվության և պետք է հետևողականություն դրսևորվի, որ այդ պատասխանատվությունն անպայման ի կատար ածվի»,-մանրամասնել է դատախազը:

Ի դեպ, նշենք, որ այս այս ուղղությամբ որոշակի միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես, օրինակ, այս համայնքում գործող «Մայամի» հյուրանոցային համալիրի անվան տակ գործող հասարակաց տան բացահայտման հայտնի դեպքը: Եվ սա միակը չէ:

Մարմնավաճառությունն այսօր դրսևորվում է անթաքույց ու հրապարակային, հնագույն մասնագիտության տերերն ունեն իրենց հավաքատեղիները, որոնք հայտնի են ոչ միայն նրանց ծառայություններից օգտվողներին, այլև, թերևս, բոլորին:

«Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչական շրջանում սնկի պես աճում են պաշտոնապես հյուրանոցային, կամ ժամանցի բիզնես իրականացնելու քողի տակ իրականում պոռնկությանը նպաստող օբյեկտները», – նշել է դատախազը` հավելելով. «Բոլոր այդ որջերը բացահայտելու ու հայտնաբերելու խնդիր է դրված»:

Քրեական օրենսգիրքը պոռնկությանը նպաստելու համար 3-6 տարվա ազատազրկում է սահմանում, մինչդեռ, մարմնավաճառությունն ինքնին քրեական հանցագործություն չէ, այլ` վարչական իրավախախտում, դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, այլ սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով: «Բայց արդարության առջև չմեղանչելու համար ասենք, որ վարչական պատասխանատվությունն իրականում լիարժեք չի իրագործվում»,- նշել է Արթուր Դավթյանը, միաժամանակ նաև տեղեկացնելով, որ անհրաժեշտություն է հասունացել մարմնավաճառությունը ևս քրեական հանցագործություն սահմանելու և այս ուղղությամբ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ նախատեսվում են:

Հետաքրքրական է, որ պոռնկությանը նպաստողները, ինչպես ցույց է տվել քրեական վարույթների ընթացքը, չեն էլ պատկերացրել, որ իրենց արարքը հանցագործություն է:

«Որպես մեղադրյալ ներգրավված անձինք իրենց մանրամասն ցուցմունքներով նկարագրում էին իրենց գործունեությունը, որը օրենքի տառին համապատասխան համընկնում էր 262 հոդվածի դիսպոզիցիային, բայց խնդիրն այն էր, որ այդ մարդիկ չէին պատկերացնում, որ այն, ինչ իրենք ներկայացնում են, ինչով զբաղվել են, սա հանցագործություն է»,- պատմել է Շենգավիթի դատախազը և ավելացնում. «Իրազեկության պակասն առավել ակնառու դարձավ, երբ որ պարզեցինք որ այդ օբյեկտներում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանները ժամանակին չեն ահազանգել, չեն կանխել այդ դեպքերը` իրենք ևս հստակ պատկերացում չունենալով, որ տեղի է ունենում հանցագործություն»:

«Պոռնկությանը նպաստելը դրսևորվել է հետևյալ ձևերով. Առավելագույնը` որ կոնկրետ հյուրանոցայի համալիրը ինքն է տեղում հաճախորդների համար ապահովել մարմնավաճառներ, սա ամենադասական, ամենաառավելագույն դրսևորման ձևն է, իսկ նվազագույն ձևը, որ հյուրանոցային ծառայություն իրականացնողները սենյակներ են տրամադրել զույգերին, քաջ գիտակցելով, որ կինը մարմնավաճառ է: Սա ևս ըստ էության բավարար է, որպեսզի մենք ունենանք քր. օր-ի 262 հոդվածով նախատեսված պեռնկությանը նպաստելու հանցակազմ»,- այս հանցատեսակի հայաստանյան դրսևորուներին է անդրադարձել դատախազը:

Շենգավիթի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները մեկ այլ իրողություն էլ են բացահայտել` կապված մարմնավաճառների գործունեության հետ: Պարզվում է` նրաց գոյությունն ու գործունեությունը ուղիղ համեմատական է տվյալ տարածքում կրիմինոգեն իրավիճակի ձևավորմանը:

Միայն Շենգավիթ վարչական շրջանում վերջին 5-6 ամսիներին արձանագրված դեպքերի շուրջ 10 տոկոսը մարմնավաճառների ու նրանց ծավալած գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող դեպքերն են:

«Մասնավորապես, բազմաթիվ են դեպքերը, երբ որ ահազանգում են մարմնավաճառները իրենց նկատմամբ բռնության մասին: Բազմաթիվ են դեպքերը, երբ որ մարմնավաճառներն իրենք են որոշակի հանցավոր գործողություն իրականացնում: Քիչ չեն նաև դեպքերը, երբ որ մարմնավաճառները ոչ թե կատարող են կամ տուժող, այլ նրանց գործունեության շուրջ այլ սուբյեկտների միջև հանցավոր ոտնձգություններ են տեղի ունենում»,- մանրամասնել է Արթուր Դավթյանը և շարունակել,- «Մարմնավաճառների կողմից ներկայացվող ահազանգերով իրականացվում է քննություն, երկար ժամանակ հնարավոր չի լինում նրանց հայտնաբերել պայմանվորված այն հանգամանքով, որ, որպես կանոն, նրանք չունեն մշտական բնակության վայր, և քրեական հետապնդման մարմինները դժվարանում են նրանց հայտնաբերել: Մեծ ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ որ բավական երկար միջոցառումներ ձեռնարկելուց հետո կարողանում ենք հայտնաբերել մարմնավաճառին, բայց նա գալիս և հրաժարվում է նախկինում իր տված հաղորդումից, դրանով իսկ որոշակի բարդություններ ստեղծելով քրեական հետապնդման մարմինների համար»:

Այս կեղծ կամ անհետևանք ահազանգերի դեմ պայքարելու համար Շենգավիթի դատախազն առաջարկում է պարզապես ողջ խստությամբ կիրառել կեղծ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: «Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Քր. օր.-ով նախատեսված սուտ մատնությանը պարտադիր տրվելու է գնահատական և այդ անձինք բոլորը դատի են տրվելու»,- վստահեցրել է դատախազը:

Միաժամանակ, մարմնավաճառները հաճախակի ենթարկվում են նաև ֆիզիկական, սեռական բռնությունների, կամ ներգրավվում թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների մեջ:

Զրույցի ավարտին, դատախազն այդուհանդերձ, չի թաքցրել, որ իրավապահները մեծ դժվարությամբ են բացահայտում պոռնկությանը նպաստելու դեպքերով քրեական հանցագործությունները, բայց և նշեց, որ այս հանգամանքը ստիպել է որոշակի հետևություններ անել, մշակել տակտիկական, մեթոդական մոտեցում այդ գործերի քննության համար:

«Ներկայում արդեն որոշակի ընդհանուր մոտեցումներ ձևավորվել են նախաքննության մարմինների հետ, առավել արդյունավետ ենք փորձել դարձնել օպերատիվ քննչական միջոցառումները, որոնք միտված կլինեն պոռնկությանը նպաստելու դեպքերը հայտնաբերելուն, և հիմնավորելուն»,- վստահեցրել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս