Ի՞նչ են խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԱԾ պետը
«Միայնակ չեմ կարող կրել այս ամենը իմ՝ թեկուզ լայն ուսերի վրա»,- Անի հյուրանոցում հավաքը եզրափակող իր ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հավաքական գիտակցություն է պետք: «Իշխանությունը պետք է վերցնի ժողովուրդը, ոչ միայն Սահմանադրության երկրորդ հոդվածով, այլև՝ իմի բերելով մեր բոլոր պահանջները: Մեր քայլերը պետք է սկսենք բոլոր մարզերում, Արցախում, սփյուռքում, միս, արյուն, բովանդակություն, բջիջ ու կազմակերպված ուժ պետք է տանք մեր շարժմանը: Այս պահից, այստեղ ստորագրեք՝ համակարգչով, սրտով, ընդունվում են բոլոր քաղաքացիների հայտերը մասնակից դառնալու մեր շարժման գործողությունների ծրագրում:
Ես չէ, որ պետք է սահմանեմ կամ վետոյի իրավունք ունենամ՝ կամ անելու ենք միասին, կամ չի լինի: Պայքարը լինելու է հետևողական, ոչ հատվածաբար: Այս գործող օրենքից դուրս իշխանությունները՝ մարզպետները, գյուղապետերը, հանդարտ ամառ չեն ունենա՝ մենք մարզ առ մարզ գալու ենք՝ քաղաքացիական հանդիպումներով ու բռունցք պետք է ստեղծենք: Մեր ամառային կառուցվածքային քրտնաջան աշխատանքից հետո մենք կունենանք կլոր սեղան, որը մեր միասնական «ոչ»-ը կլինի կամ «այո»-ն: Մինչև աշուն ասելու ենք՝ դուրս ենք գալու այս վիճակից, թե՞ ոչ»:
Նա նշեց նաև, որ իր մեջ ոչ մի բան չի փոխվել՝ «ոչ իմ մոտեցումը, ոչ մի հավատամք` անգամ բարևն ու ժպիտը»:
Ր. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իր հասցեին հնչեցված քննադատություններին, թե ինչու է ինքը մայիսի 9-ին գործող իշխանության ներկայացուիչների հետ ձեռքսեղմել: Նա նշեց, թե մայիսի 9-ին ինքը չի կարողացել ներկա լինել Շուշիի ազատագրման տոնական միջոցառմանը, իր աղոթքն է ասել Հաղթանակի զբոսայգում անմար կրակի առջև. «Այդտեղ կային հավաքվածներ, որոնց ողջունեցի՝ կային նաև գործող իշխանության ներկայացուցիչներ: Եվ որ մեկը ասաց ձեռք սեղմեցի մայիսի 9-ին՝ այո ձեռք սեղմեցի, բայց ասացի՝ կարևորն այն է, թե ի՞նչ է գալու սրանից հետո: Ինձ մոտեցավ Ազգային Անվտանգության պետն ու շնորհավորանքի փոխարեն ասաց, որ դուք փորձում էիք ինձ գործից հանել: Ես պատասխանեցի՝ դուք ինչ անում, թաքուն եք անում, իսկ մենք անում ենք ուղիղ, շիտակ, հրապարակային»: