«Նկարեցին ինչքան պետք էր, ԲՀԿ-ի ձայները նկարեցին, «Բարև, Երևան»-ին 8-9 տոկոս գրեցին, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ի էլ դուրս թողեցին»
Անի հյուրանոցում, որտեղ այս պահին ընթանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքը, ելույթ ունեցան մի շարք քաղաքական գործիչներ:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն՝ անդրադառնալով մայիսի հինգին տեղի ունեցած Ավագանու ընտրություններին նկատեց. «Նկարեցին ինչքան պետք էր, ԲՀԿ-ի ձայները նկարեցին, «Բարև, Երևան» դաշինքին 8-9 տոկոս գրեցին, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ի էլ դուրս թողեցին: Հիմա կարո՞ղ է մեր հասարակությունը մինչև 5 տարի հասնել իշխանափոխության: Իհարկե, կարող է, եթե մենք համախմբվենք»:
Հավաքին ներկա նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ հայտարարեց, թե իր կարծիքով մարդկանց համբերությունը սպառվել է ու նրանք այլևս պատրաստ չեն տեսնել բանակում սպանություններ, հանդիպել կյանքի թանկացման: Նա նշեց, որ Սահմանադրական հեղափոխությամբ այս հարցը կարող է լուծվել:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ քսան անգամ էլ իշխանությանը ասեն՝ ոչինչ չի փոխվի, որովհետև դա քիչ է. «Ընդդիմության հավաքական կերպարը համոզի՞չ է ժողովրդի համար, որ ընդդիմությունը գա ավելի լավ կլինի՞: Պարզվեց որ ոչ: Պարզվեց, որ գեղեցիկ խոսքերի տակ իր կեցվածքով ընդդիմությունը ցույց է տալիս, որ այդպիսին չէ: Այստեղ է, որ ընդդիմությունն անելիք ունի»:
Նա նշեց, որ որևէ ուժ չկա քաղաքական լիդեր չկա, որ միայնակ կարող է փոփոխությունների հանգեցնել: Ըստ նրա՝ պետք է լինի քաղաքական ընդհանուր օրակարգ՝ զերծ հակադրություն ստեղծող հարցերից: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ քաղաքական միասնական օրակարգը պետք է բերի համոզմունք ժողովրդի մոտ ընդդիմության հանդեպ:
«Ժամանակին Պլատոնը ասել էր՝ եթե ստրուկը չլինի, ստրկատերը չի լինի: Եթե մենք արել ենք այնպես, որ այլընտրանք չկա, ապա հիմա դրա համար ապրանքը այդ գներով են վաճառում: Ինչո՞ւ եք հակառուսական հիստերիա ստեղծել, որ իր ապրանքը թանկ է հիմա վաճառում, պետք է ժամանակին շեշտադրումները ճիշտ կատարեինք»,- ավելացրեց նա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց. «Երեկվա դեպքը, երբ մայրուղին էր փակվել իշխանության կողմից, այսօր էլ գազի գնի թանկացումն ասում է այն մասին, որ իրենց ստեղծածի հետևանքները կործանարար են: Մենք պետք է վերցնենք այն ինչ պատկանում է մեզ, այս իշխանության օրերը միևնույնն է հաշված են: Մենք շատ շնորհակալ ենք Հովհաննիսյանին, որ այս հանգրվանին հասավ, ինչը չէր լինի, եթե նա դեկտեմբեր ամսին չընդուներ որոշումը. (խոսքը նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման որոշման մասին է,- Տ.Մ.) նույնիսկ կարող է սա չլիներ: Մենք լավ հանգրվանում ենք, որը մեզ ասում է պայքարել, պայքարել բոլորի տեղը, նաև մեր տեղը»: