
«Գործող իշխանությունից կտրեք ձեր պորտալարերը, ազատեք այն ապագայի համար, վերջացրեք գզվռտոցը»

«Մեզ անհրաժեշտ է կառույցներ ստեղծել մարզրերում, Երևանի բոլոր համայնքներում ու պատրաստվել միասնական պայքարի»,- Անի հյուրանոցում ընթացող հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նաև կոչ արեց ոչ իշխանական ընդդիմադիր կուսակցություններին՝ «գործող իշխանությունից կտրեք ձեր պորտալարերը, ազատեք այն ապագայի համար, վերջացրեք գզվռտոցը»:
Արմեն Մարտիրոսյանը ավելացրեց. «Միասին, միասնական, ինչպես առաջարկել ենք բազմաթիվ անգամներ… հավասարի իրավունքով, եկեք միացեք ժողովրդի միասնականության պահանջին: Դրանից հետո որքան ուզում եք կարող եք պայքարել միմյանց դեմ: «Ժառանգությունը» եղել է պայքարի առաջին գծում ու շարունակելու է այդպես»:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն էլ կոչ արեց «քարերը փեշներիցդ թափեք ու միացեք ժողովրդական շարժմանը»: Նա անդրադարձավ նաև «Եվրոտեսիլ» երգի մրցույթին ու նշեց, որ իր կարծիքով այդ մրցույթը ևս քաղաքականություն է:
Դիմելով Սփյուռքին՝ Մ. Գասպարյանն ասաց. «Երես մի թեքեք մեզնից, իշխանության սխալների համար երես մի թեքեք»: