Եռամսյակը փակվել ենք 22,4 մլրդ դրամի հավելուրդով
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ին քննարկել է 2013 թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկատվությունը: Այս մասին նշվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հաշվետվությունը ներկայացրել են ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը և նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ու նախարարի տեղակալ Վարդան Արամյանը:
Ըստ այդմ՝ 2013 թ.-ի առաջին եռամսյակում պահպանվել են տնտեսության զարգացման դրական միտումները՝ հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը: 12-ամսյա գնաճը կազմել է 3,4 տոկոս, արձանագրվել է եկամուտների 23,6 տոկոս և ծախսերի 9,3 տոկոս աճ:
Տնտեսական ակտիվությանը նպաստել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտները, մինչդեռ շինարարության հատվածում անկում է գրանցվել:
Եկամուտների գծով եռամսյակի ընթացքում բյուջեի կատարողականը կազմել է 102,3 տոկոս, իրականացվել է ծախսային ծրագրի 83,5 տոկոսը: Ցածր է պաշտոնական դրամաշնորհների կատարման ցուցանիշը, մասնավորապես` չի ստացվել ԵՄ-ի նախատեսած 3,1 մլրդ դրամը:
Ա.Ջանջուղազյանի հիմնավորմամբ՝ պետությունն ամբողջությամբ և ժամանակին կատարել է իր ստանձնած ֆինանսական պարտավորությունները, կատարողականի շեղումը պայմանավորված է տարբեր ծրագրերում շահառուների թվի նվազմամբ կամ այլ օբյեկտիվ պատճառներով:
Հաշվետու ժամանակահատվածում պակասուրդ չի գրանցվել, եղել է 22,4 մլրդ դրամի հավելուրդ: