Ստյոպա Սաֆարյան. Զինված ուժերը փողոց չէ

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին և բանակում զոհված զինվորների ծնողներին էր միացել նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ նրանք պահանջում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դուրս գա կառավարության շենքից և պարզաբանի, թե ինչու չեն թույլատրում մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին զինվորի դին տեղափոխել Երևան:

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևան-Մարտունի մայրուղու մոտ առաջացած լարված իրավիճակին, Ս. Սաֆարյանն ասաց. «Չափազանց նողկալի տեսարան է, երբ Կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը մտածում են մարդկանց ճանապարհը փակելու մասին. դա խնդրին լուծում տալու ձև չէ. գնալ ու բողոքավոր մարդկանց արգելել արտահայտել իրենց բողոքը՝ դա պարզապես վերջին վայրագությունն է, որ կարող է թույլ տալ իրեն վայրագ պետության ղեկավարությունը»:

Ս. Սաֆարյանը ավելացրեց, որ զինվորի ծնողները չէին գալիս Երևան իշխանության բռնազավթման համար, ուստի հարկ չկար փակել ճանապարհները. «Ումի՞ց են պաշտպանվում, ո՞ւմ առաջ են փակում ճանապարհները, ինչի՞ համար: Փոխանակ հրապարակավ ներողություն խնդրեն ողջ հասարակությունից, որ Հայաստանում խաղաղ պայմաններում Զինված Ուժերում կարող է լինել այնպիսի իրավիճակ, որտեղ սամասուդի ինստիտուտ կարող է գործել անգամ զինվորների միջև»:

Սաֆարյանը շեշտեց, որ իշխանությունը պետք է պատասխան տա անգամ նրա համար, որ զինվորներից մեկի մտքով կարող է «պարզապես անցնել ինքնադատաստանի դիմել»:

Ս. Սաֆարյանը վստահ չէ, թե վարչապետը կլսի իրենց պահանջն ու կիջնի հավաքվածների մոտ, բայց նաև նշեց, որ դրանով ոչ մի փոփոխություն չի լինի. «Ես կցանկանայի իջներ ու բացատրություն տար՝ ինչո՞ւ պետական մարմինները իրենց գործառույթը պետք է չիրականացնեն ու նման դեպքեր լինեն, որովհետև ցանկացած մի միջադեպ շղթայական ռիակցիայով ազդում է այն ընտանիքների վրա, ովքեր բանակում զինվորներ ունեն, ունեն ապագա զինովորներ: Այս ամենը տեսնող մայրը չի կարող ապահով զգալ, որ իրենց որդին նման պայմաններում է ծառայում: Թող ոչ մեկը բանակից երեխային փախցնող ծնողին չմեղադրի, որովհետև իրենք ուզում են, որ իրենց երեխան ապրի»:

Նման միջադեպի ու կոնկրետ այս դեպքի հիմնական մեղավորը, ըստ նրա, Պաշտպանության նախարարն է. «Ու թող որևէ մեկը չարդարացնի, որևէ կերպ պատճառ չբերեն, որ ԶՈՒ-ում ևս կարող են նման դեպքեր լինել, բայց չէ՞ որ զինված ուժերը փողոց չէ»:

Տեսանյութեր

Լրահոս