Բաժիններ՝

Թանգարանների համար նախատեսված եռաչափ լուծումները կբարձրացնեն հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ

Այսօր` մայիսի 18-ին, ժամը 22:00-ին, «Թանգարանային գիշեր 2013» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի Քոչարի մոնումենտալ քանդակներ:

Առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը, որն իրականացվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Վիրտուալ կցուցադրվեն նաև Սասունցի Դավթի և այլ քանդակները: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են «Լոկատոր» ընկերությունից:

«Քանի որ ներկայումս երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ինտերնետում, անհրաժեշտություն է առաջանում մեր թանգարաններում առկա մշակութային մեծ արժեք ունեցող աշխատանքները նույնպես ներկայացնել վիրտուալ դաշտում: Եվ ներկայացնել ոչ միայն խոսքերով, այլև ցուցադրելով ինտերակտիվ ու եռաչափ մոդելավորված տարբերակով: Համացանցում ինտերակտիվ ցուցադրելով քանդակները, նկարներն ու թանգարանային այլ ցուցանմուշներ` կնպաստենք երիտասարդների այցելությանը թանգարաններ»,- ասում է «Լոկատոր» ընկերության ծրագրերի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը՝ նշելով, որ բացի այդ՝ թանգարանների և առհասարակ պատմամշակութային մեր հարուստ ժառանգության եռաչափ մոդելավորումն ու համացանցում տեղադրումը հնարավորություն կտա առավել ճանաչելի դարձնել մեր մշակութային արժեքները ողջ աշխարհում` դրանով իսկ խթանելով զբոսաշրջությունը Հայաստանում:

Վ. Սոֆյանը նշում է նաև, որ Երվանդ Քոչարի թանգարանն աշխատում է ամեն անգամ նորովի ներկայանալ իր այցելուներին, այդ իսկ պատճառով ցուցանմուշներն առավել հետաքրքիր ցուցադրելու համար հաճախակի է կիրառում տեխնոլոգիական նորագույն լուծումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս