Բաժիններ՝

Վրաստանում մեղմացվել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքում ուղղումներ կատարելը, որով և մեղմացվել է վրացական սահմանային անցակետերի շրջանցմամբ Աբխազիա ու Հարավային Օսիա մուտք գործած անձանց համար սահմանված պատիժը:

Ուղղումների օգտին է քվեարկել 147 պատգամավորից 73-ը: «Օկուպացված տարածքների մասին» օրենքում ուղղումներ կատարելու հարցը քննարկվել է Վրաստանի խորհրդարանի 4 լիագումար նիստերում, սակայն ամեն անգամ գործը չէր հասնում քվեարկության, ինչի պատճառը խորհրդարանական ընդդիմություն «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորների հակազդեցությունն էր:

Վրացական օրենսդրությամբ նախատեսված էր քրեական պատասխանատվություն «Օկուպացված տարածքների մասին» օրենքի խախտման համար: Վրաստանի քրեական օրենսգրքի 322.1 հոդվածով նախատեսվում է օկուպացված տարածքներ ապօրինի այցելելու համար տուգանք՝ նվազագույնը 2000 լարի (մոտ 1200 դոլար) կամ էլ 2-4 տարվա ազատազրկում:

Իսկ հաստատված ուղղումները, որոնց հեղինակը Վերաինտեգրման նախարարի ապարատն է, օկուպացված տարածքներ ապօրինի այցելելու համար նախատեսում են 400 լարի տուգանք, իսկ կրկնվելու դեպքում՝ 8000 լարի տուգանք: «Օկուպացված տարածքների մասին» օրենքը Վրաստանում ընդունվել է 2008 թվականին՝ օգոստոսյան պատերազմից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս