Իրանը հրաժարվում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցելուց. Յուկիա Ամանո
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հրաժարվում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցելուց՝ իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի հնարավոր առկայության պարզաբանման հարցում: Այս մասին երեկ հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը շատ բարդ է և ունի վաղ պատմություն: Ամանոն ընդգծել է այն կարևորությունը, որ բոլոր երկրները՝ ներառյալ Իրանը, պարտավորություններ ունենան ԱԷՄԳ-ի հանդեպ.
«Դա մեր նպատակն է, և այդպիսին են մեր չափորոշիչները: ԱԷՄԳ-ը չի կարողանում ստուգել, թե արդյոք Իրանի միջուկային ծրագիրն ունի՞ խաղաղ բնույթ, թե՞ ոչ: Կա տեղեկատվություն, որ Իրանը ներգրավված է պայթուցիկ սարքերի պատրաստման գործունեության մեջ:
Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ուղղվածության մասին առկա տեղեկատվությունն ունի պարզաբանման կարիք: Նրանք մեզ հետ չեն համագործակցում տվյալ հարցում»:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ն ու Իրանը վերջին անգամ միմյանց հետ բանակցել են մայիսի 15-ին, Վիեննայում: Բանակցությունները տևել են 8.5 ժամ և ավարտվել են անարդյունք: