Սիրիական պատերազմի ժամանակ Կատարն ապստամբների վրա ծախսել է 3 միլիարդ դոլար. Financial Times
Բրիտանական Financial Times թերթը հոդված է հրապարակել Սիրիական հակամարտությունում Կատարի ունեցածի դերակատարության մասին: Դրանում ասվում է, որ Կատարն ավելի քան երկու տարի ընթացող Սիրիական հակամարտության ժամանակ սիրիացի ապստամբների՝ հաջողության հասնելու մեջ ներդրել է 3 միլիարդ դոլար:
Կատարը սիրիացի յուրաքանչյուր դասալիքի և նրա ընտանիքին տրամադրում է «օգնության փաթեթ»՝ բաղկացած 50.000 դոլարից: Նախորդ տարվա սեպտեմբերին Հալեպի նահանգում գործող բոլոր ապստամբները Կատարից միանվագ ստացել են 150 դոլարի «բոնուս»:
Թերթի գնահատմամբ՝ ավելի քան երկու տարի ընթացող Սիրիական հակամարտության ժամանակ Կատարն ավելի մեծ ներդրում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներում, քան՝ Արևմուտքը:
Այժմ Կատարին Սիրիական պատերազմից դուրս է մղում Սաուդյան Արաբիան, սակայն նրա դերակատարությունը դեռ շարունակում է մնալ մեծ: Կատարը չունի զենքի մատակարարման զարգացած համակարգ, ինչպիսին որ ունի Սաուդյան Արաբիան:
Զենքի մատակարարման երթուղին անցնում է Հորդանանով, ինչը նպաստում է Սիրիական պատերազմում Սաուդյան Արաբիայի դերակատարության մեծացմանը, քանի որ վերջինս Հորդանանի հետ ունի սահման, իսկ Կատարը՝ ոչ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Կատարը BritAm ընկերության միջնորդությամբ պլանավորել է Լիբիայից քիմիական զենք հասցնել Սիրիայի Հոմս քաղաք, ինչը պետք է իրականացվեր Լիբանանի տարածքով:
Դա պետք է հանգեցներ այնպիսի տպավորության առաջացմանը, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել ապստամբների նկատմամբ: Այդ նպատակով BritAm-ը պետք է Լիբիայից նշանակման վայր հասցներ քիմիական զենքով ճիշտ այնպիսի ռումբեր, ինչպիսիք որ ունի նաև Սիրիան: