Րաֆֆի Հովհաննիսյանի որդին տևական ժամանակ է Հայաստանում չէ. մամուլ
«Տևական ժամանակ է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Կարինը Հայաստանում չէ: Նա իր ընկերոջ` Լևոն Բաղրամյանի հետ մեկնել է ԱՄՆ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիկանություն տարվելու նկարահանումը կատարել է նրա հետ ոստիկանություն բերման ենթարկված Լևոնը, որը ժամանակավորապես թողել էր Պետդեպում իր աշխատանքը և հետընտրական ողջ ընթացքում Կարինի կողքին էր:
Հիշեցնենք, որ Կարինը միակ մարդն էր, որին լսում և որի հետ իր անելիքների, առավել ստույգ` «չանելիքների» մասին կիսվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացրին Հովհաննիսյաններին մոտ կանգնած մեր աղբյուրները, Կարինն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել ոչ միայն նախագահական ընտրություններում հոր կողքին լինելու, այլև հայաստանյան «հեղափոխության», այդ օրերի անցքերի մասին գիրք գրելու համար: Երբ կլինի գիրքը՝ չգիտեն, սակայն Կարինը մի քանի օրից՝ մայիսի 20-ին, կրկին կվերադառնա Հայաստան»: