Ո՞վ է «ՀՀՇ»-ի իրական իրավահաջորդը
«Այդ հ/կ-ի մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում, և մի փոքր տարօրինակ է. նոր է ստեղծվել, բայց համարում է, որ այդ խորհրդանշանը 25 տարի առաջ իրենց համար եմ արել: Ծիծաղելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրաֆիկ դիզայներ Մկրտիչ Մաթևոսյանը, ով 1988 թ. համազգային զարթոնքի առաջին օրերից եղել է ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկը և հեղինակել է ՀՀՇ կուսակցության խորհրդանշանը: Վերջինիս շուրջ խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ իրականում «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» անվանումով հ/կ-ի նախագահ Վահագն Հայոցյանը տարածեց հայտարարություն, ըստ որի՝ «ՀՀՇ» անվանման և «ՀՀՇ» խորհրդանշանի սեփականությունը պատկանում են տվյալ հ/կ-ին:
«Երբ այն ժամանակ ես դա ստեղծեցի, արեցի Հայոց համազգային շարժման համար… Եվ հենց շարժումը գնաց դեպի կուսակցություն, այնտեղից դուրս եկա և հասկացա, որ սա լավ բանով չի վերջանա, այսինքն` այն, ինչ մենք հիմա տեսնում ենք»,- պատմել է Մկրտիչ Մաթևոսյանը: ՀՀՇ խորհրդանշանի հեղինակը, ով մինչ օրս էլ զբաղվում է դիզայներական գործունեությամբ, անդրադարձել է նաև այն հարցին, թե ո՞վ պետք է լինի ՀՀՇ-ի իրական իրավահաջորդը, քանի որ այսօր ՀԱԿ կուսակցության անդամների և նոր ՀՀՇ-ի նախաձեռնողների միջև ընթանում է բուռն հրապարակային բանավեճ նաև այդ հարցի շուրջ: «Ես իրավաբան չեմ, երևի պետք է նրանց հարցնել: Բայց, համենայն դեպս, գտնում եմ, որ կարևորը գաղափարախոսությունն է և դրա ժառանգորդը լինելը, ոչ թե, ասենք, կուսակցության գույքը, շենքը ժառանգելը»,- ասաց Մկրտիչ Մաթևոսյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց բավական հետաքրքիր մանրամասներ ՀՀՇ խորհրդանշանի պատմության և, ընդհանրապես, համազգային շարժման մասին:
Մկրտիչ Մաթևոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: