Բաժիններ՝

ԱԺ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել դիմումն ընդդեմ Նաիրա Կարապետյանի

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում որոշել է վարույթ ընդունել Երևանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դիմումի քննությունը համարվել է սկսված: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ա.Թյությունջյանը բողոքել էր, որ Ն. Կարապետյանն իր հետ հեռախոսազրույցում օգտագործել է պատգամավորին և կնոջը ոչ վայել բառապաշար:

Ն.Կարապետյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերի, հրաժարվել էր մեկնաբանել իր դեմ ուղղված դիմումը, նշելով, որ «ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է»: Նա վստահեցրել էր, որ հարցը հանձնաժողովում քննարկվելու դեպքում պահանջելու է, որպեսզի այդ նիստը լինի դռնբաց:

Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ հանրապետական Դավիթ Հարությունյանը դեռևս ապրիլի 29-ին լրագրողների հայտնել էր, թե հանձնաժողովն առայժմ վարույթ չի ընդունել այս դիմումը: «Որոշակի խնդիրներ կան՝ դիմումին ներկայացվող ձևական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը»,- ասել էր նա:

Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի արձանագրությունից ենթադրվում է, որ Ա.Թյությունջյանն այնուամենայնիվ հետամուտ է եղել իր բողոքին և մայիսի 7-ին կրկին դիմել է հանձնաժողով՝ ներկայացնելով պատշաճ ձևակերպված դիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս