Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի մերժվեց
ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Արգիշտի Ղազարյանի, այսօրվա որոշմամբ մերժեց Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի մայիսի 11-ի թիվ 109-Ա «Երևանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումն իրավաչափ է և այն «Վարչական վարույթ հարուցելու մասին» որոշման փոփոխելու հիմքեր առկա չեն: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերանայման ենթակա չէ։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Դանիել Իոաննիսյանը մայիսի 10-ին դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունները և կայացնել վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում։
ԿԸՀ-ն մայիսի 11-ի թիվ 109-Ա որոշմամբ մերժել է վարչական վարույթի հարուցումը` պատճառաբանելով, որ դիմողի կողմից չի կարող ներկայացվել նման պահանջով դիմում։
ՀՀ վարչական դատարանը եկավ այն եզրահանգման, որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության իմաստով ինքնուրույնաբար չեն հանդիսանում սուբյեկտներ, հետևաբար, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի թեկնածու Դ. Իոաննիսյանն ինքնուրույնաբար չէր կարող ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ դիմում: