Գագիկ Բեգլարյանը հոգնե՞լ է նախարարի պաշտոնից. մամուլ
«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի օրն էր, և, ինչպես միշտ, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաների տեղատարափ էր: Տարբեր թեմաներով Կառավարության շենքի մոտ հավաքվածներին միավորում էր մեկ խնդիր՝ գազի թանկացող սակագինը և դրան հաջորդող թանկացումները բոլոր ոլորտներում՝ հացամթերք, սննդամթերք, տրանսպորտ էլեկտրաէներգիա, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն:
«ՉԻ»-ն երեկ փորձեց կառավարության հետնամուտքով «փախչող» ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից տեղեկանալ, թե հավաստի՞ են հանրային տրանսպորտի, մասնավորապես՝ երթուղային տաքսիների թանկացման մասին լուրերը:
Բեգլարյանը հարցը լսեց և քայլելով դեպի հարազատ նախարարություն, ընթացքի մեջ հայտարարեց. «Հարցերի չեմ պատասխանում, հետո կասեմ»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բեգլարյանը խուսափում է իր ղեկավարած ոլորտին առնչվող հարցերին պատասխանելուց: Հետևություն՝ կամ վերջինս չգիտի գլխի գալիքը, ասել է թե՝ նախարարությանը պարտադրվող քաղաքականությունը, կամ հոգնել է նախարարի պաշտոնից»: