Հովիկ Աբրահամյանը՝ գազի սակագնի հնարավոր թանկացման մասին. Չպետք է մոռանալ, որ Հայաստանը գազ չի արտադրում
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ մինչ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է անում, 33 թաղամասի մեկ տասնյակից ավելի բնակիչներ, հորդարատ անձրևի տակ, բողոքի ակցիա են իրականացնում:
Բնակիչները պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ՝ վստահեցնելով, թե չեն հեռանա մինչև չհանդիպեն Ս. Սարգսյանին:
Սակայն բողոքող քաղաքացիներին մոտեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և բնակիչները ներկայացրեցին իրենց պայմանը։
«Կամ տուն են տալիս հենց նույն տարածքում, կամ փոխհատուցում՝ շուկայական բարձր գներով», – ասել է բնակիչներից Թամարա Սարգսյանը։
Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ բնակիչների պայմանները կփոխանցի Սերժ Սարգսանին:
Լրագրողները Հովիկ Աբրահամյանին հարցրել են՝ արդյոք չե՞ք կարծում, որ գազի սակագնի բարձրացումից սոցիալական բունտ է հասունանում:
Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասել է՝ չի կարծում: Ըստ նրա՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանը գազ չի արտադրում: