Բաժիններ՝

Հայկական գետախնձոր, չինական տեխնոլոգիա, ինուլին և 33 միլիոն դոլար. մասնակցեք

Կառավարությունը մոտ 3 մլն դրամ է հատկացրել ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար պետություն-մասնավոր համագործակցությամբ մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում շահագրգիռ կողմերին հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի հրապարակման նպատակով։ Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մեր արդյունաբերական քաղաքականության մեջ սա նոր մոտեցում է։ Առաջին անգամ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացնում մի ծրագիր, որը մենք ներկայացնում ենք մասնավոր հատվածի ուշադրությանը և ցանկանում ենք ներդրումներ ներգրավել։ Հասկանալի է, որ եթե հավանության ենք արժանացնում այս ծրագիրը, ապա այն պետություն-մասնավոր համագործակցության լուրջ հիմք է ստեղծում, որ պետությունն օժանդակելու և աջակցելու է ներդրողներին։ Մասնավորապես, ենթադրվում է, որ 3-4 հազար հեկտար հողատարածություն պետք է ներգրավվի գետնախնձոր արտադրելու համար, որը ինուլինի արտադրության հիմնական հումքն է։ 1000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվելու գյուղատնտեսության ոլորտում և շուրջ 300 աշխատատեղ` հենց գործարանում։

Ծրագրի երկրորդ կարևոր տարրն այն է, որ մենք չինական կողմից ունենք հայտ՝ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդրող, որովհետև այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը և երկրորդը՝ չինական կողմը մեզ ներկայացրել է երաշխիքային նամակ, որ 100 տոկոսով երաշխավորում է արտադրված ինուլինի իրացումը, որն էապես նվազեցնում է ներդրողների ռիսկերը։ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին, այդ թվում` իր մասնակցությամբ նորաստեղծ ձեռնարկությունում։ Մեր մասնակցության մասը պայմանավորված կլինի նրանով, թե ինչ հայտեր մենք կստանանք և ներդրողներն ինչ ծավալի ներդրում պատրաստ կլինեն իրականացնել։ Ծրագիրը գնահատվում է 33 մլն դոլար։ Քանի որ սա առաջին նման գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, կարիք կա, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այս նոր գործիքին, որ մենք արդյունաբերական քաղաքականության մեջ կիրառելու ենք այսուհետ։ Հեղինակավոր ամսագրերում հայտարարություն հրապարակելը նշանակում է, որ նաև միջազգային ներդրողների ուշադրությունն ենք գրավում, այլ ոչ միայն ՀՀ ներդրողների, և հրավիրում ենք նրանց մասնակցել այս ծրագրի իրականացմանը»։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս