Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իր վերադարձը ցանկացող լրագրողին գործից կհանեն (տեսանյութ)
ԳԱԼԱ-ն հիշեցնում է, որ երկու օր առաջ Աբովյանում Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցու բացման արարողությն ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հնարավոր վերադարձի մասին հետաքրքրվող լրագրողներին հարց ուղղեց` ուզո՞ւմ եք: Սա հրապարակեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները: Սակայն տեսանյութում պարզորոշ երեւում է, որ Քոչարյան եւ լրագրողներ խոսակցությունը ունեցել է այլ` ավելի հետաքրքիր շարունակություն: Հայտնի չէ և տեսանյութում չի էլ հասկացվում, թե լրագրողը, ով կանգնած է Ռ. Քոչարյանի դիմաց և, հավանաբար, հարց տվողն է, ինչ է պատասխանում, բայց նկատելի է Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, որից հետո ՀՀ երկրորդ նախագահը եւ իր մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը իրար են նայում ու բարձր ծիծաղում: «Վաղը քեզ գործից կհանեն»,- ասում է լրագրողին Ռոբերտ Քոչարյանը:
Այսօր galatv.am-ը ՀՀ երկրորդ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է Ռ. Քոչարյանը կարծում, որ իր վերադարձը ցանկանալու դեպքում լրագրողին կհեռացնեն աշխատանքից, Վ. Սողոմոնյանը պատասխանեց անուղղակի.
«Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը շատ հումորով մարդ է, ուրիշ բան չեմ կարող ասել»:
Մեր այն նկատառումին, թե այսինքն` այդ խոսքերը ուղղակի հումորով են ասվել, Վ. Սողոմոնյանը նույն պատասխանը տվեց. «Ինքն ընդհանրապես շատ հումորով մարդ է, հումորի լավ զգացողություն ունի, այդ դրվագի կապակցությամբ ուրիշ բան չեմ կարող ասել»: