ՀՀՇԱԶԺՏՀԿ-ն ՀՀՇ չէ և ՀՀՇ-ի գրանցման համար խոչընդոտ չէ
ՀՀՇ նախկին քարտուղար, ներկայում՝ «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» միավորման նախագահ Վահագն Հայոցյանը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայոց համազգային շարժում`ՀՀՇ, անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են տվյալ անվամբ հասարակական կազմակերպությանը և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից: Հենց այս հիմքով Հայոցյանը պահանջում է, որ ՀՀՇ հապավումը և խորհրդանշանն օգտագործվի միայն ՀՀՇ հասարակական կազմակերպության հետ առնչվող տեղեկատվություն տարածելիս:
Պարզվում է, որ Վահագն Հայոցյանը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, կամ որ նույնն է, ուղղակի ստում է: Նախ՝ սկսենք նրանից, որ Հայոցյանը չգիտի կամ՝ իմանալով թաքցնում է իր ղեկավարած հասարակական կազմակերպության անվանումը: Դա հաստատեց նաև ՀՀ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը, ով մեզ հետ զրույցում կրկին անգամ հստակեցրեց, որ ՀՀՇ անվանումով կամ հապավումով հասարակական կազմակերպություն իրենց մոտ գրանցված չէ:
«Պետռեգիստրում գրանցված կազմակերպության անվանումը Հայոց համազգային շարժում չէ, այլ Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասակարակական կազմակերպություն, որի հապավումը կլինի ՀՀՇԱԶԺՏՀԿ»,- ասաց Էդիկ Մարգարյանը:
Իսկ մեր ճշտող հարցին, թե՝ ՀՀՇ անվանումը և խորհրդանշանը գրանցվա՞ծ են իրենց մոտ՝ որպես որևէ հասարակական կազմակերպության մտավոր սեփականություն, Մարգարյանը պատասխանեց. «Մենք ապրանքանիշ կամ խորհրդանիշ չենք գրանցում, դրանով զբաղվում է Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինը»:
Իսկ արդյո՞ք ՀՀՇԱԶԺՏՀԿ անվանումով հասարակական կազմակերպության գոյությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ՀՀՇ անվանումով կուսակցության ստեղծման և պետական գրանցման համար: Մեր այս հարցին ի պատասխան՝ Մարգարյանն ասաց. «Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ չի կարող, որովհետև, եթե համեմատենք հասարակական կազմակերպության ամբողջական անվանումը և կուսակցության անվանումը, կտեսնենք առկա մեծ տարբերությունը: Ուզում եմ մեջբերել կուսակցությունների մասին օրենքի 6-րդ հոդվածը, որը վերաբերում է կուսակցությունների անվանմանը. «Կուսակցության անվանումը և դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն գոյություն ունեցող կուսակցությունների և այլ հասարակական միավորումների անվանումներից»: Այսօր մենք մեր գրանցամատյանում չունենք Հայոց համազգային շարժում` ՀՀՇ անվանումով կուսակցություն»:
Եվս մեկ անգամ հիմնավորելով, որ ՀՀՇԱԶԺՏՀԿ հապավումով հասարակական կազմակերպությունը չի կարող խոչընդոտ լինել ՀՀՇ անվանումով կուսակցության պետական գրանցման համար, քանի որ օրենքով խոսվում է նաև հասարակական միավորումների մասին, Մարգարյանը նշեց. «Ես նորից եմ կրկնում, որ հասարակական կազմակերպության անվանումը զգալիորեն տարբերվում է ՀՀՇ անվանումից, այնպես որ, չի կարող խոչընդոտ լինել»: