«Երևանը մեր սիրտն է, իսկ շրջակա միջավայրը`թոքերը»
«Երևանը մեր սիրտն է, իսկ շրջակա միջավայրը մեր թոքերը: Մաքրելով թոքերը՝ առողջացնում ենք սիրտը: Թոք ասելով՝ նկատի ունեմ բոլոր ծառերը, որոնք թթվածին են արտադրում. թթվածինը շատացնելով, բուժում ենք նաև սիրտը՝ Երևանը, որը համայն հայության սիրտն է»: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ ազդարարելով ընկերության՝ «Միայն մեկ ծառ» նոր նախաձեռնության մասին, որն ուղղված է Երևանն ավելի կանաչ դարձնելուն:
Նախաձեռնության միջոցով «Սինոփսիս Արմենիան» հրավիրում է Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություններին Երևանում տնկել մեկական ծառ՝ ամեն տարի յուրաքանյուր աշխատակցի կողմից, որպես կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի մաս: Հ. Մուսայելյանի նշեց, սակայն, որ նախաձեռնությունը բաց է բոլորի համար և յուրաքանչյուր ընկերություն՝ անկախ իր չափից և ֆինանսական հզորությունից, կարող է իր լիարժեք ներդրումն ունենալ այս գործում:
«Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշեց, որ այսկերպ Երևանում կձավորվի քաղաքային անտառ:
«Միայն մեկ ծառ տնկելը յուրաքանչյուր աշխատակցի կողմից Հայաստանում «Սինոփսիսի» կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության մի մասն է, այն մեզ համար դարձել է անգնահատելի մի ավանդույթ, որին մասնակցում են մեր ընկերության աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները: Այսինքն՝ այսկերպ յուրաքանյուրն իր մասնակցությամբ կարող է տեսանելի ժառանգություն թողնել ապագա սերունդներին՝ տեսնելով, թե տարեցտարի ինչպես է մեծանում իր տնկած ծառը: Բացի այդ՝ ծառ տնկելը նաև ոչ բարդ, սակայն շատ հաճելի աշխատանք է»,- ասաց Ռ. Գոլդմանը:
Նա, որպես, օրինակ նաև հիշեց մի պատմություն իր մանկությունից, երբ ինքը երեխա էր և հաճախում էր կիրակնօրյա դպրոց, այդ ժամանակ ամեն կիրակի այնտեղ գնալիս նա իր հետ տանում էր 10 ցենտ, քանի որ նրանց ասել էին, որ երբ այդ 10 ցենտը հավաքվեր և դառնար 1 դոլար, Իսրայելում այդ գումարով մի ծառ պետք է տնկվեր:
«Ինձ համար շատ կարևոր էր այդ զգացողությունը, այդ միտքը, որ հենց իմ 1 դոլարը լրանար, ես ինչ-որ տարբերություն եմ մտցնելու, այսինքն՝ մի ծառ տնկվելու է: Տարիներ անց, ընդամենը մի քանի տարի առաջ, ես առաջին անգամ այցելեցի Իսրայել ու, երբ տեսա քաղաքը շրջապատող սարերի վրայի համատարած անտառները, հասկացա, որ այդ ամենն այն ժամանակվա նախագծի արդյունքն է»,- ասաց Ռ. Գոլդմանը:
Իսկ Հ. Մուսայելյանը շարունակելով, ասաց, որ մեր ժողովուրդները նմանատիպ ճակատագրեր ունեն, և Հայաստանն էլ ունի սփյուռք, և որ Երևանը ոչ միայն երևանցիների մայրաքաղաքն է, այլ նաև դրսում ապրող հայերի. «Երևանը դա համայն հայության և բոլոր հայերի մայրաքաղաքն է, և ամեն մեկն ինչ-որ ձևով կարող է ներդրում ունենալ այս ծրագրի մեջ»,- ասաց Հ. Մուսայելյանը՝ նշելով, որ նոր ծրագիրը նաև բոլորին համախմբելու կոչ ունի իր մեջ:
168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ ճակատագիր են ունենալու այս նախաձեռնության արդյունքում տնկված ծառերը՝ հաշվի առնելով այն, որ մեր երկրում պարբերաբար ծառատունկեր են կազամկերպվում, սակայն դրանք հաճախ չեն խնամվում և չորանում են, Հ. Մուսայելյանը պատասխանեց. «Այս ծրագրի մեխը, առանցքն այն է, որպեսզի ծառատունկը զուգակցվի նաև տնկված ծառերի ապագա ճակատագրին հետևելով: Այսինքն՝ մենք որոշ ժամանակ անց կարող ենք գնալ և տեսնել տնկված ծառերի վիճակը, և եթե այն լավ վիճակում չլինի, ապա կարող ենք մեր գործընկերների նկատմամբ դժգոհություն ունենալ, որոնց վճարել ենք, որպեսզի հոգ տանեն դրանց համար»,- ասաց Հ. Մուսայելյանը՝ նշելով, որ խնդիրը ոչ միայն ծառ տնկելն է, այլև դրանց հետևելը:
Ինչ վերաբերում է ծառերի մասին հոգ հանող ընկերություններին, ապա այդ գործընթացը դեռևս բանակցությունների փուլում է, սակայն, ըստ բանախոսի՝ Հայաստանում կան ծառերի խնամքով զգաղվող փորձառու մասնագետներ, որոնք էլ կներգրավվեն այդ գործում:
Նշենք, որ «Միայն մեկ ծառ» նախաձեռնությանը միանալու որոշում է կայացրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Նոր նախաձեռնությունը, որը կոչված է Երևանն ավելի կանաչ դարձնելուն՝ ողջունել է Երևանի քաղաքապետը:
Հ. Մուսայելյանի տեղեկացմամբ, նախաձեռնության շրջանակներում առաջին ծառը նախատեսվում է տնկել հոկտեմբերի կեսերին՝ «Սինոփսիսի» շաբաթվա ընթացքում, «Սինոփսիսի» ավանդական ծառատուկի ժամանակ, որին կմիանան արդեն նաև ՏՀՏ ոլորտի ու նաև այլ ոլորտների ընկերություններ: