Ինչո՞ւ չմիավորվեցին ընդդիմադիր ուժերը

Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, խոսելով մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների մասին, համոզմունք հայտնեց, որ միասնական ցուցակով հանդես գալու դեպքում` ընդդիմությունն իսկապես կհաղթեր այդ ընտրություններում` չնայած բոլոր կեղծիքներին:

Ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս ընդդիմությունը պետք է  տանի իշխանափոխության պայքարը` ընտրական գործընթացներից դուրս, Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե ցանկալի տարբերակն այն է, որ իշխանությունը փոխվի ընտրություններով, և այդ նախադեպը պետք է ստեղծել:

«Նախադեպերը շատ կարևոր են, նույն ԱՄՆ-ում Ջորջ Վաշինգտոնը չառաջադրվեց 3-րդ անգամ, և այդ նախադեպը սկսեց գործել: Մեզ մոտ ճիշտ հակառակն է, ձևավորվել են վատ ավանդույթներ, ընտրությունները կեղծելու ավանդույթ, սա պետք է արմատախիլ արվի»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

«Ժողովրդավարական երկրներում ընտրություններով հանգուցալուծվում են ճգնաժամերը, մեզ մոտ ճիշտ հակառակն է` ամեն ընտրություն նոր լարվածություն, նոր ճգնաժամ է առաջացնում: Երկրի համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխություններ լինեն ընտրությունների միջոցով: Դա, ի վերջո, լինելու է և դա կլինի, եթե ամբողջ հասարակությունը պարտադրի նորմալ ընտրություններ»,- ավելացրեց ՀԺԿ ղեկավարը:

Կարդացեք նաև

Պարոն Դեմիրճյանը հարկ համարեց նաև նշել, որ հասարակությունը մշտապես ընդվզել է կեղծիքների դեմ, բայց փոփոխության հույսն առաջին հերթին կապել է նախագահական ընտրությունների հետ: Իսկ վերջին ընտրություններում հասարակության անտարբերության պատճառը Ստեփան Դեմիրճյանը կրկին պայմանավորեց այն հանգամանքով, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել:

«Ի դեպ, սա չի նշանակում, որ հարցը կարող է լուծվել զուտ մեխանիկական միավորման միջոցով: Դեպքեր են լինում, երբ միավորումն իսկապես տալիս է լուրջ արդյունք»,- ավելացրեց նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ ի՞նչը խանգարեց ընդդիմության ավելի լայն համախմբումը` նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, ինչին ի պատասխան` պարոն Դեմիրճյանն ընգծեց, որ համագործակցությունը պետք է կոնկրետ լինի, և, իր կարծիքով, ճիշտ քայլը նախագահական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրություններում միասնաբար հանդես գալն էր:

Իսկ ճշտմանը, թե ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին մինչ այդ, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց այսպես. «Դե տեղի չի ունեցել, դա փաստ է: Գիտեք, որ ես ինքս այն ժամանակ առողջական խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել գործընթացին»:

Հարկ է ավելացնել, որ պարոն Դեմիրճյանն ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությանը համարում է ընդդիմություն, և այնպիսի հարցադրումները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ նրա կողմնակիցները «ծախվել են իշխանությանը», նույնպես համարեց «գաղջ մթնոլորտի» արդյունք:

Տեսանյութեր

Լրահոս