Ռեյհանլըի ահաբեկչությունը Թուրքիայում իրավիճակի ապակայունացման փորձ է. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր այցելել է երկրի հարավ-արևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգ, որի Ռեյհանլը քաղաքում մայիսի 11-ին գրանցվել էր երկու պայթյուն, ինչի հետևանքով զոհվել էր 51 մարդ:

Իր ելույթում Գյուլը հայտարարել է. «Ռեյհանլըի ահաբեկչությունը Թուրքիայում իրավիճակի ապակայունացման փորձ է, ինչպես նաև թուրք քաղաքացիներին ու սիրիացի փախստականներին միմյանց թշնամացնելու փորձ:

Ռեյհանլըի պայթյունների մեղավորները, հանցագործները կկանգնեն արդարադատության առջև և կենթարկվեն պատասխանատվության: Տեղաբնակներին կոչ եմ անում տուրք չտալ սադրանքներին, ինչպես նաև հետագայում նույնպես շարունակել հանդուժողականություն ցուցաբերել սիրիացի փախստականների նկատմամբ»:

Գյուլը Ռեյհանլը է ժամանել ահաբեկչությունից հետո քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: Սրանի առաջ թուրքական մամուլը գրել է, որ Ռեյհանլըի պայթյուններից հետո քաղաքում բնակվող սիրիացի փախստականները հայտնվել են տեղաբնակ թուրքերի թիրախում:

Վերջիններս իրենց ցասումը թափում են փախստականների վրա՝ նրանց մեղադրելով քաղաքում տեղի ունեցած պայթյունների մեջ: Թուրքական թերթերը գրել են, որ անգամ գրանցվել են տեղաբնակների կողմից սիրիացի փախստականներին խոշտանգելու և սպանելու դեպքեր:

Տեսանյութեր

Լրահոս