Ստեփան Դեմիրճյանը` հայտնի տեսանյութի մասին. «Սրա համար պետք է ամաչի իշխանությունը»

«Անկեղծ ասած` ես ինքս չեմ դիտել այդ տեսանյութը, բայց ճիշտ կլինի` դա տեսնի իշխանությունը, և պետք է դատապարտել այն իշխանությանը, որը մարդկանց հասցրել է այդ վիճակին»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀԺԿ առաջնորդ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը` ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Աբովյանի եկեղեցու բացման օրը տեսագրված հայտնի տեսանյութի մասին:

Իսկ երբ մենք հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, դա ավելի շատ ֆիզիկական քաղցի՞, թե՞ հոգևոր սննդի պակասի արդյունք էր, պարոն Դեմիրճյանը պատասխանեց այպես. «Գիտեք, փաստ է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության ավելի քան 1/3-րդն աղքատ է, փաստ է, որ բնակչության զգալի մասը թերսնվում է, և սրա համար պետք է ամաչի իշխանությունը: Եվ մենք պետք է դատապարտենք այն իշխանությանը, որը հասցրել է այս վիճակին, ոչ թե ժողովրդին»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանն այդ օրը չէր գնացել եկեղեցու բացմանը, քանի որ, ինչպես ինքը պարզաբանեց, ուներ առողջական խնդիրներ:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցում էր Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը: Իսկ երբ արարողությունից հետո եկեղեցու շուրջ հավաքված բազմահազարանոց ժողովրդին տրվեց, այսպես ասած, մատաղի հացը, ներկա լրատվամիջոցները, մասնավորապես` 168.am-ը, ականատես եղան մի տեսարանի, որը հետագա երկու օրերին դարձավ մամուլի և համացանցի քննարկման գլխավոր թեման:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս