Ստեփան Դեմիրճյան. Միասնական ցուցակով հանդես գալու դեպքում ընդդիմությունն իսկապես հաղթելու էր

«Երկիրը շարունակում է գտնվել համակարգային ճգնաժամի մեջ` թե´ սոցիալ-տնտեսական, թե´ քաղաքական, թե´ բարոյահոգեբանական առումով: Ինչպես ասում են, իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը` տալով իր գնահատականը` Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ՀԺԿ առաջնորդն ընդգծեց, որ այդ պայմաններում Հայաստանում վերանշանակվեց այն կառավարությունը, որի գործունեության ընթացքում է երկրում աճել արտագաղթը, աղքատությունը և գործազրկությունը:

«Հիմնավորումն այն է, թե կառավարությունն ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, սակայն նույնիսկ եթե այդ աճը կա, այն տեսանելի չէ, բայց շատ տեսանելի են բացասական միտումները, այսինքն` շարունակում է արտագաղթը. փետրվար-մարտ ամիսներին մեկնել է ավելի քան 15 հազար մարդ…Մի խոսքով` որևէ առաջխաղացում չկա»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Ինչ վերաբերում է երկրի բարոյահոգեբանական մթնոլորտին, այսինքն` այսպես ասած «գաղջ մթնոլորտին», ապա այն փոխելու համար, ըստ Ստեփան Դեմիրճյանի, առաջին հերթին պետք է անցկացնել նորմալ, ժողովրդավարական ընտրություններ, թույլ տալ, որպեսզի ժողովուրդն իր կամքով ձևավորի իշխանությունը:

Կարդացեք նաև

«Դա չի´ արվում: Վերջին նախագահական ընտրությունների գնահատականը մենք տվել ենք, դրանք ոչ թե դարձան մեր պատմության լավագույն ընտրությունները, ինչպես խոսք էին տալիս իշխանությունները, այլ ընդամենը համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը: Նույնը կարելի է ասելի Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ»,- ընդգծեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Ս.Դեմիրճյանը:

«Այսինքն` երկիրն, ըստ էության, աղետալի վիճակում է, և սա ամենևին չափազանցություն չէ»,- ավելացրեց նա:

Իսկ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանը  հարկ համարեց հիշեցնել այն պատճառը, թե ինչո՞ւ ՀԺԿ-ն չմասնակցեց դրանց:

«Մենք գտնում էինք, որ ավելի ճիշտ կլիներ ընդդիմության մասնակցությունը մեկ միասնական ցուցակով: Քանի որ դա տեղի չունեցավ, մենք չմասնակցեցինք ընտրություններին»,- ասաց Ս.Դեմիրճյանը,-«Իհարկե, մենք ուրախ չենք, որ չմասնակցեցինք, բայց համոզված եմ,որ այդ դեպքում ընդդիմությունն իսկապես հաղթելու էր` չնայած բոլոր կեղծիքներին»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ոչ իշխանական ուժերից ընտրական շեմը հաղթահարեցին միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Բարև, Երևան» դաշինքը, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն ավելացրեց իր մանդատների թիվը` կազմելով ավագանու մեծամասնությունը:

Տեսանյութեր

Լրահոս