«Պարզվում է՝ ոչ բոլորը ալերգիա ունեն ՀՀՇ անվան հանդեպ…». Հովհաննես Իգիթյան

«Պարզվում է՝ ոչ բոլորը ալերգիա ունեն ՀՀՇ անվան հանդեպ ու գնում հասարակական կազմակերպություն են բացում. չնայած երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «գեղի կլուբ» են եղել այս տարիների ընթացքում, հենց այս մարդիկ ծափահարում էին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նորաստեղծ ՀՀՇ կուսակցության նախաձեռնողներից մեկը՝ Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով ՀՀՇ անվամբ գրանցված հասարակական կազմակերպությանը: Նրա խոսքով, գրանցել նույնանուն ՀԿ` «փոքր քայլ է»:  Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ իրենք իրենց գործունեությունը իրենք օրենքով ենք իրականացնում. «Ըստ կուսակցությունների գրանցման օրենքի՝ պետք է հայտ ներկայացվի Արդարադատության նախարարություն, ճիշտ է, սա հեշտ չէ, երևի հենց այս պատճառով ՀԱԿ կուսակցությունը չգնաց նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհով, բայց մենք գտնում ենք նոր կուսակցություն ստեղծելու պրոցեսով պետք է գնանք, իսկ ՀՀՇ անունով կուսակցություն բացելու համար որևէ խոչընդոտ չկա՝ հակառակ դեպքում մեզ պարզապես չեն գրանցի»:

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ քաղաքական շատ գործիչներ՝ ժամանակին ՀՀՇ-ից հեռացած կամ դուրս մղված, պետք է մի օր միավորվեին: «Մենք գտնում ենք, որ այն, ինչ ժամանակին ասում էինք, անում էինք, ՀԱԿ-ը դա այսօր չի անում ու չի ասում: Մենք ՀԱԿ-ում չենք տեղավորվում ոչ միայն բարոյական չափանիշներով, այլև քաղաքական մեր պատկերացմամաբ ու փորձում ենք մեզ համար պլատֆորմ ստեղծել, որտեղից հասարակությանը կներկայանանք»,- ավելացրեց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք ազատական այլ ուժերի, ինչպես նաև ՀԱԿ դաշինքից նախկինում պոկված կուսակցությունների հետ համագործակցությունը, բանախոսը պատասխանեց. «Շատ շատ կուսակցությունների հետ մենք արդեն համագործակցում ենք: Անձնական շփումներ ունենք նաև: Ցավոք, ընտրական համակարգը Հայաստանում ձևավորված չէ, այլապես փոքր կուսակցությունները նախընտրական բլոկ կազմելով կմիավորվեին ու կդառնային մեկ կուսակցություն: Իսկ քանի դեռ համակարգը կայացած չէ, շարունակում են առանձին-առանձին գործել»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե նորաստեղծ ՀՀՇ-ի ետևում Վանո Սիրադեղյանի «ականջներն են», Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Վանո Սիրադեղյանի հարցով չեմ կարող ասել, բայց  վստահ կարող եմ ասել, որ այն ոճը, որով մենք աշխատում ենք, Վանոյի դրած ոճն է՝ կոլեգիալ դրսևորումները: Սիրադեղյանը, լինելով ՀՀՇ նախագահ, տալիս էր հնարավորություն բոլորին, շարքային անդամներին, արտահայտվելու: Անձի պաշտանմունք մեզանում չի եղել՝ չնայած Վանո Սիրադեղյանի կշիռը հասկանում էինք, բոլորս հարգում էինք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս