Մենք թույլ չենք տա, որ Իրանն ունենա միջուկային զենք. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին.
«Իրանի միջուկային ծրագիրն ու այդ երկրի կողմից ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը:
Իրանի միջուկային գործունեությունը, որը շարունակվում է միջազգային պարտավորությունների խախտմամբ, ամենագլոբալ խնդիրներից մեկն է, որին բախվում է միջազգային հանրությունը:
Իրանի կողմից միջուկային զենք ունենալը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև՝ համայն աշխարհի համար: Այս հարցում մեր քաղաքականությունն ակնհայտ է. մենք լի ենք վճռականությամբ՝ Իրանին խանգարելու համար ստանալ միջուկային զենք: ԱՄՆ-ը նախընտրում է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:
(Պատժամիջոցների պատճառով) Իրանն օրական արտահանում է 1 միլիոն բարելով ավելի պակաս նավթ, քան 2011 թվականին՝ դրանով իսկ ամսական կորցնելով 3-5 միլիարդ դոլար: Իրանական նավթի բոլոր 20 ներկրողները կա՛մ զգալիորեն պակասեցրել են Իրանից նավթի գնման ծավալը, կա՛մ էլ դադարեցրել են այդ գործընթացը»: