Բաժիններ՝

«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք»

«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Եթե գազը թանկանա, հարկերը չենք մուծելու» և նմանատիպ այլ պաստառներով` մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիային ներկա էին Դաշնակցություն կուսակցության անդամներ, բնապահապան ակտիվիստներ։ Բողոքի ակցիայի ընթացքում ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վստահ է՝ գազի գնի թանկացման դեպքում ժողովրդի շրջանում բողոքն էլ ավելի մեծ թափ է ստանալու։ «Այն, ինչ պլանավորվում է իրականացնել, աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի։ Մանավանդ եթե նկատի ունենանք այն ցուցանիշները, որոնք այսօր արդեն մխիթարելի չեն` աղքատության, գործազրկության հետ կապված։ Սա ուղղակի թռիչքային ձևով գների բարձրացում կարող է առաջացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ գազի թանկացումը կազդի բոլոր ապրանքատեսակների գների վրա։ Ըստ նրա, գազի գնի թանկացման դեպքում, իր կարծիքով, այսօր արդեն գոյություն ունեցող 60-70 տոկոս աղքատությունը կդառնա կատարյալ, կմնան միայն 3-5 տոկոս գերհարուստներ։

Բողոքի ակցիային ներկա ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ գազի գնի նման փոփոխությունը նշանակում է փլուզել Հայաստանի` առանց այն էլ խարխլված տնտեսությունը. «Նման քայլ կատարելը հավասարազոր է պարզապես հայաթափման ուղիղ քաղաքականություն իրականացնելուն»։ Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ գազի գնի թանկացման դեպքում իրենք այլևս չեն մուծելու հարկերը, քանի որ գազն այժմյան սակագնով ևս շատ թանկ են։ Ակցիայի մասնակիցները իրենց բողոքը արտահայտող նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն։ Այժմ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը շարժվում է դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք՝ բողոքը այնտեղ բարձրաձայնելու։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են գնալ Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս