Բարաք Օբաման և նրա կինն իրենց անձնական կարողությունը գնահատել են 1.8-6.9 միլիոն դոլար
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բարաք և Միշել Օբամաների անձնական կարողությունը գնահատվել է 1.8-6.9 միլիոն դոլար: Այս մասին նշված է Սպիտակ տան կայքում հրապարակված ԱՄՆ նախագահի ու նրա կնոջ ունեցվածքի մասին հայտարարագրման մեջ:
Նախորդ տարի նախագահի ու նրա կնոջ կարողությունը գնահատվել է 2.6-8.3 միլիոն դոլար: Ակտիվների գնահատումն իրականացվում է հենց նրանց տերերի կողմից՝ հենված սեփական պատկերացումների և շուկայական պայմանների վրա: Այդտեղից էլ բխում է ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ պատրաստած փաստաթղթում թվերի մեծ տարբերությունը:
Այդ հաշվետվությունը բաղկացած է 8 էջից: Դրանում նշված է, որ JPMorgan Chase բանկում նրանց ընթացիկ հաշվեհամարում նախորդ տարի եղել է 100.000-250.000 դոլար: Բարաք Օբաման ու նրա կինը նախորդ տարի վաստակել են 608.611 դոլար՝ այդ գումարից հարկ վճարելով 112.214 դոլար:
Փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նրա կին Ջիլը նախորդ տարվա արդյունքներով իրենց կարողությունը գնահատել են 439.000 դոլարից մինչև 1 միլիոն դոլար: Բայդենները նախորդ տարի վաստակել են 385.072 դոլար, որից հարկ են վճարել 87.851 դոլարը: