«Հզբոլլահը» պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա. մամուլ

Իսրայելական Haaretz թերթը, վկայակոչելով արաբալեզու Al Hayat թերթը, հայտնում է, որ Իրանը համոզել է Սիրիայի ղեկավարությանը՝ «Հզբոլլահ» շարժման զինյալներին տրամադրել իր տարածքը՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների վրա հարձակում գործելու համար:

Այդ տեղեկատվության համաձայն, Թեհրանն առաջարկել է, որ Դամասկոսը ոչ միայն Գոլանի բարձունքներ տանող միջանցք տրամադրի լիբանանյան շիաներին, այլև նրանց օգնի զենքով ու նյութատեխնիկական ապահովմամբ:

Բացի այդ, այդ պլանի համաձայն, Սիրիայի իշխանությունները չպետք է խոչընդոտեն այլ երկրների մուսուլմաններին, որոնք կցանկանան ժամանել Սիրիա՝ «Հզբոլլահին» միանալու համար Իսրայելի դեմ ջիհադին (սրբազան պատերազմին):

Դրանով իսկ Իրանը, իբրև թե, ցանկանում է Արևմուտքին և ընդհանրապես միջազգային հանրությանը հասկացնել տալ, որ թույլ չի տա Բաշար Ասադի վարչակարգի տապալում և կգնա յուրաքանչյուր քայլի՝ դա թույլ չտալու համար:

Մեկ շաբաթ առաջ «Հզբոլլահի» առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլահը հրապարակավ հայտարարել էր, որ Սիրիան իր կազմակերպությանը հատկացնելու է նոր, նախկինում չօգտագործված զինատեսակներ, որոնք Իսրայելի դեմ ապագա պատերազմում «կփոխեն խաղի կանոնները»:

Դրա հետ մեկտեղ Նասրալլահը հավելել էր, որ «Հզբոլլահը» ողջ ուժով կաջակցի յուրաքանչյուր կազմակերպության, որը կսկսի Գոլանի բարձունքներում պատերազմել Իսրայելի դեմ:

Al Hayat թերթը Իրանի, Սիրիայի ու «Հզբոլլահի» հակաիսրայելական այս պլանի մասին իր հոդվածում վկայակոչում է Իրանի ղեկավարությունում եղած բարձրաստիճան աղբյուրին, որի անունը նա չի հրապարակում՝ ելնելով անվտանգության միջոցառումներից:

Տեսանյութեր

Լրահոս