Ծառուկյանից ավելի Ծառուկյան
«Ոչ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչն օգուտ է երկրին և ժողովրդին»,- մայիսի 14-ին Աբովյանում միանգամայն պարզ, հասկանալի ու մատչելի լեզվով հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով սեփական կուսակցության՝ ընդդիմություն դառնալու հնարավորության մասին հարցին: Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարոզչական ակտիվը բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, որ Գագիկ Ծառուկյանի խոսքը կտրվել է ենթատեքստից, որ նրան սխալ են հասկացել, և այլն, և այդպես շարունակ:
ՀԱԿԿ-ականների այս հայտարարությունները, մեղմ ասած, ծիծաղելի են, սակայն միանգամայն հասկանալի. Շուրջ երկու տարի ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական ուժի գործունեության ռազմավարությունը, մարտավարությունը, գոյության իմաստն՝ ընդհանրապես, դարձրել է ԲՀԿ-ից ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանից ընդդիմադիր կերտելը: Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանը շատ հասկանալի լեզվով, առանց ավելորդ մեղմասացության, հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է: Մեղմ ասած: Հիմա ՀԱԿԿ-ն ունի երկու տարբերակ. կամ ընդունել, որ անսխալական առաջնորդը սխալվել է իր քաղաքագիտական ու քաղաքական հաշվարկներում, և ներողություն խնդրել հասարակությունից՝ այդքան ժամանակ մոլորեցնելու համար, կամ շարունակել մոլորեցնել հասարակությանը՝ համոզելով, որ… իրենք ԲՀԿ-ի կարգավիճակն ավելի լավ են կարողանում գնահատել, քան ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Այսինքն՝ ՀԱԿԿ-ականներն իրենց իրավացիությունը փորձում են ապացուցել Ծառուկյանի քաղաքական գրագիտության պակասով: «Բոլոր այս քայլերը (որ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, նրան չի շնորհավորել և այլն.- 168.am) ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն այսօր իրեն պահում է՝ որպես ընդդիմադիր ուժ: Եթե դրանից հետո իրենք խնդիր ունեն իրենց ընդդիմադիր կոչելու հետ, դա մի պրոբլեմ է, որին իրենք պետք է պատասխան տան,- մեկնաբանելով Գ. Ծառուկյանի նշված հայտարարությունն «Ազատություն» ռ/կ-ին՝ ասել է ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ավելացնելով,- Միգուցե կան քաղաքագիտական նրբություններ, որոնք այնքան էլ լավ չեն հասկացվում: Բայց եթե ես փորձում եմ նայել այս գործընթացին անաչառ հայացքով, կներեք, կոչել ԲՀԿ-ն այլ բան, քան ընդդիմադիր ուժ, ուղղակի հնարավոր չէ»: Այլ կերպ ասած՝ Լ. Զուրաբյանը գտնում է, որ Գ. Ծառուկյանն այնքան էլ լավ չի տիրապետում քաղաքագիտական նրբություններին և գործողություններով լինելով ընդդիմադիր՝ իրեն այլ կերպ է անվանում: «Այդ վարքի համար պատասխանատու է միայն ինքը` ԲՀԿ-ն: Մենք պատասխանատու ենք միայն մեր վարքի համար, բայց մեր որակումների համար նույնպես պատասխանատու ենք, և ես կարծում եմ, որ մեր որակավորումները միգուցե ավելի ճիշտ են, քան թե իրենց կողմից ներկայացվածները», – նշել է ՀԱԿԿ փոխնախագահը: Այսինքն՝ ՀԱԿԿ-ն ավելի ճիշտ է որակում ԲՀԿ-ի գործողությունները, քան ինքը՝ ԲՀԿ-ն: Սա հիրավի նոր խոսք է ոչ միայն քաղաքագիտության, այլ նաև հոգեբանության մեջ: Թե ինչպես կգնահատի Գ. Ծառուկյանը քաղաքագիտական գործընկերոջ այսօրինակ վերաբերմունքը, իր և իր գործընկերների խնդիրն է: Բայց հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. Ծառուկյանին «սխալ հանելու» ՀԱԿԿ-ականների քարոզչությանը կարծես միացել են նաև ԲՀԿ-ականները, ովքեր տարբեր հարցազրույցներում հայտարարում են, թե իրենց առաջնորդի խոսքը մեջբերել են կոնտեքստից կտրված, փորձել են սխալ ներկայացնել նրա հայտարարությունը, և այլն: Ամենավերջին ակորդը Ծառուկյանի մամլո խոսնակի հայտարարությունն էր այն մասին, որ առաջիկա օրերին նա հանդես կգա պարզաբանմամբ և կհստակեցնի, թե ինչ է նկատի ունեցել իր հայտարարությամբ: Այսպիսով, կամ սա նախապես մտածված սցենար է՝ այն իմաստով, որ Ծառուկյանը եկեղեցու բացման արարաողության ժամանակ իշխանության համար ցանկալի հայտարարություն է արել՝ հետո հերքելու նպատակով, կամ Գ. Ծառուկյանն իսկապես չի ցանկանում դառնալ ընդդիմադիր, սակայն նրա թիմի անդամները՝ ՀԱԿԿ-ի օգնությամբ, փորձում են նրան դարձնել այդպիսին: