Սաակաշվիլին Իվանիշվիլիին խորհուրդ է տվել ավելի հաճախ այցելել Արևմուտք
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին խորհուրդ է տվել ավելի հաճախ պաշտոնական այցեր կատարել արտասահման, ինչպես որ վարվում է ինքը.
«Ինձ մտահոգում է այն, որ միջազգային հարաբերություններում մեզ մոտ առաջացել է վակուում: Երբ մենք եկանք իշխանության, ես առաջին երեք ամսում այցելեցի ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան:
Նոր կառավարությունը հարևան երկրներից բացի, որևէ լուրջ երկկողմ այց չի կատարել: Երբ ես Լեհաստանում էի, տեղի կառավարությանը խնդրեցի հրավիրել Վրաստանի վարչապետին:
Այդպիսի մեկուսացումն այսօր մտնում է միայն Պուտինի կառավարության շահերի մեջ: Եթե չսեղմեն Վրաստանի վարչապետի ձեռքը և այցերի հրավերներ չուղարկեն, մենք զավթիչների հետ կմնանք երես առ երես: Վարչապետը պետք է նյարդայնանա ոչ թե նրա համար, որ նախագահը շատ այցեր է կատարում, այլ նրա համար, որ ինքը կատարի նման այցեր:
Ինչո՞ւ նա այցեր չի կատարում: Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի նա այցելի արտասահման: Ինձ ամեն դեպքում կհրավիրեն, նաև այն ժամանակ, երբ ես արդեն չեմ լինի նախագահ: Դուք մտածեք ձեր մասին»:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ներկա փուլում նախընտրում է աշխատել երկրի ներսում և չմեկնել արտասահման՝ թեև հնարավորություն ունի այցելել Լեհաստան, Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մերձբալթյան երկրներ, ինչպես նաև ԱՄՆ: