Բաժիններ՝

Վարչապետը գերմանացի գործարարների հետ ներդրումային ծրագրեր է քննարկել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի գործարարների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը: «Գերմանիան տնտեսական բնագավառում մեր առաջնային գործընկերներից մեկն է: Առկա են երկկողմ բազմաթիվ հաջողված ծրագրեր պետական և մասնավոր հատվածներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Ռայներ Լինդները նշել է, որ նախորդ տարեվերջին Ֆրանկֆուրտում կայացած գործարար ֆորումի ընթացքում Տիգրան Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով գերմանական կողմը պատրաստ է գործնական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրենը նշել է, որ իրենք շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ՝ արդյունաբերության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:
Այդ համատեքստում, գերմանացի գործարարները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել վերը նշված ոլորտներում իրենց ներդրումային ծրագրերը: Կառավարության ղեկավարը ողջունել է նման նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել տարբեր գործիքակազմով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:
Ռայներ Լինդները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը միտված քաղաքականություն վարելու համար: Դա, ըստ գերմանացի գործարարների, կնպաստի դեպի Հայաստան լրացուցիչ ներդրումների ներգրավմանը: Վերջիններս ողջունել են նաև ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման որոշումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև բիզնես ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ՏՏ բնագավառում գործող հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսներին հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:
***
Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովին անդամակցում են շուրջ 200 գերմանական խոշոր, միջին և փոքր ընկերություններ: Ներկայում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովը համագործակցում է 21 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամության թեկնածու երկրների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս