Մեծ Բրիտանիայում հրապարակվել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի տեքստը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երեկ հայտնվել է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ ապագա հանրաքվեի մասին օրինագիծը:
Այն պատրաստվել է գործող վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցության կողմից: Փաստաթուղթը հստակեցնում է քվեարկության ժամկետն ու հարցը, որը տրվելու է երկրի քաղաքացիներին:
Ակնկալվում է, որ հանրաքվեն անցկացվելու է 2017 թվականի վերջից ոչ ուշ, այն դեպքում եթե կուսակցությունը հաղթի 2015 թվականի ընտրություններում: Դրանից հետո ընտրողներին կտրվի կոնկրետ հարց՝ «Դուք կարծում եք, որ Մեծ Բրիտանիան պե՞տք է մնա որպես ԵՄ-ի անդամ», ինչը ենթադրում է երկու պատասխան՝ «այո» կամ «ոչ»:
Ուշագրավ է, որ հանդիսանալով տվյալ հանրաքվեի նախաձեռնող՝ Քեմերոնն անձամբ կողմնակից չէ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն. «Ես կարծում եմ, որ մենք պետք է մնանք ԵՄ-ի կազմում: Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել մնալ միասնական շուկայի մասնակից և հնարավորություն ունենալ մեծացնել մեր ազդեցությունը Եվրոպայում»: