Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց Սիրիայում կհաստատվի խաղաղություն. Ջոն Քերի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը լավատեսորեն է նայում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու հեռանկարին և վստահ է, որ մոտ ժամանակներս այդ երկրում կտիրի խաղաղություն:
Այս մասին Շվեդիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին. «Մենք համաձայն ենք նրա հետ, որ առաջիկա օրերին մենք պետք է կատարենք վիթխարի աշխատանք: Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը:
Մենք մեծ լավատեսությամբ ենք նայում նրան, ինչը որ պետք է կատարվի: Մենք երկուսս (Քերին ու Լավրովը) կապվել ենք Պան Գի Մունի, ՄԱԿ-ի և այլ մասնակիցների հետ: Մեզանից յուրաքանչյուրը համաձայն է շատ լարված աշխատել բոլոր մասնակիցների, այդ թվում նաև Սիրիայի կառավարության ու ընդդիմության հետ՝ նրանց բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար:
Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց Սիրիայում կհաստատվի խաղաղություն, որպեսզի միջազգային հանրությունը հնարավորություն ունենա փնտրել բռնություններին այլընտրանք»:
Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս գումարելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ շաբաթ Մոսկվայում՝ Քերիի ու Լավրովի հանդիպման ժամանակ: