
Իրանցի 100 պատգամավոր դեմ է արտահայտվել նախագահական ընտրություններին Ռաֆսանջանիի մասնակցելուն

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 100 իրանցի պատգամավոր Պահապանների խորհրդին կոչ է արել նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանիին իրավունք չտալ մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին:
Որպես դրա պատճառ են նշվում ոչ վաղ անցյալում Իսրայելի վերաբերյալ Ռաֆսանջանիի արած հայտարարությունները, նրա չպարզված դերը 2009 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների կազմակերպման մեջ:
Ավելի վաղ Ռաֆսանջանին հայտարարել էր, որ Իրանը շահագրգռված չէ Իսրայելի դեմ պատերազմին մասնակցելում, բայց եթե արաբական երկրները պատերազմ սկսեն Իսրայելի դեմ, ապա Իրանը կաջակցի նրանց:
Պատգամավորները կարծում են, որ այդ հայտարարությունը հակասում է Իրանի նախկին և ներկայիս առաջնորդներ, այաթոլլահներ Ռուհոլլահ Խոմեյնիի և Ալի Խամենեիի գաղափարներին: Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից: Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: