Էրդողանը դարձել է առաջին թուրք առաջնորդը, ում Վաշինգտոնում դիմավորել են ռազմական արարողակարգով (տեսանյութ)
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ պաշտոնական այցով ԱՄՆ մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դարձել է առաջին թուրք առաջնորդը, ում Վաշինգտոնի օդանավակայանում դիմավորել են ռազմական արարողակարգով , ինչն ի ցույց է դնում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև սերտ կապերի առկայությունը:
ԱՄՆ-ի իշխանությունները հազվադեպ են Վաշինգտոն ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորում պաշտոնական ռազմական արարողակարգով: Վաշինգտոնի օդանավակայանում Էրդողանին դիմավորել են ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն: Էրդողանի ամերիկյան այցը տևելու է 4 օր: Նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու է մայիսի 16-ին:
Ամերիկյան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են նրա կին Էմինեն, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
ԱՄՆ ղեկավարության հետ իր հանդիպումներում Էրդողանը քննարկելու է երկկողմանի հարաբերությունների հարցը, Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը, Իրանի հարցը, Ռեյհանլըի ահաբեկչությունը, Իսրայելի հետ հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարի հարցը, ինչպես նաև տնտեսական բնույթի հարցեր: