Հաագայի դատարանը կքննի «Ազատության տորմիղի» միջադեպը
BBC-ի փոխանցմամբ՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննելու է 2010 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած «Ազատության տորմիղի» միջադեպը: Այն ժամանակ իսրայելական հատուկջոկատայինների կողմից «Ազատության տորմիղի» մեջ մտնող թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Հաագայի դատարանի դատախազը հայտնել է, որ հետաքննման շարունակման համար անհրաժեշտ է ստանալ Կոմորյան կղզիների հաստատումը, քանի որ տորմիղի նավերից մեկը գրանցված է եղել հենց այնտեղ: Այդ միջադեպը զգալիորեն վատթարացրել էր թուրք-իսրայելական հարաբերությունները:
Միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Ւսրայելին անվանել էր «ծովահեն», իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն տվյալ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»` ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:
Իսրայելական կողմի պնդմամբ՝ «Ազատության տորմիղը» զենք և զինամթերք էր տեղափոխում Գազայի հատված, որին Իսրայելը ենթարկել է ծովային շրջափակման: Իսրայելը տվյալ միջադեպի համար միայն այս տարի ներողություն խնդրեց Թուրքիայից: