Այսօր Վիեննայում կանցկացվի ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում այսօր տեղի է ունենալու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը:

Հանդիպումը տեղի է ունենալու ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում: Իրանական պատվիրակությունը գլխավորում է ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեն, իսկ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը՝ կազմակերպության փոխտնօրեն Հերման Նակերտցը:

Այսօրվա բանակցությունները կլինեն 2012 թվականի սկզբից սկսած՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների թվով 10-րդ փուլը: Սոլթանիեն հայտարարել է, որ իրենք ակնկալում են առաջընթաց գրանցել այսօրվա բանակցություններում: Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել էր այս տարվա փետրվարի կեսերին, Թեհրանում:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում հանդիպելու են նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլին և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, «Վեցյակի» շահերը ներկայացնող Քեթրին Էշթոնը:

Տեսանյութեր

Լրահոս