Ադրբեջանը Հարավային գազային միջանցքը դիտարկում է որպես ռազմավարական երթուղի. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Հարավային գազային միջանցքը դիտարկում է որպես ռազմավարական երթուղի, որը երկրին հնարավորություն կտա դառնալ Եվրոպային գազի կարևոր մատակարար:

Այս մասին Վիեննայում իր ավստրիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Մենք մեծ քայլ ենք գործել Հարավային գազային միջանցքի իրագործման ուղղությամբ՝ Թուրքիայի հետ ստորագրելով «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի մասին համաձայնագիրը:

Դա զգալիորեն հեշտացրել է (Հարավային գազային միջանցքի) նախագծի իրագործումը: Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել տեխնիկական ու ֆինանսական հիմնական պարտավորությունները: Մենք կոնկրետ ներդրում ենք ունենում ռազմավարական երթուղու իրագործման մեջ, քանի որ դրա արդյունքում Ադրբեջանը կվերածվի Եվրոպային կարևոր գազամատակարարի»:

Այս ամենի հետ մեկտեղ Ալիևն ընդգծել է, որ Հարավային գազային միջանցքի մասին վերջնական որոշումը մոտ ժամանակներս ընդունելու է «Շահ Դենիզ» կոնսորցիումը, որն արդեն իսկ ձեռնամուխ է եղել դրան: Ալիևը հավելել է, որ Ադրբեջանին չի անհանգստացնում մրցակցությունը՝ նկատի ունենալով ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցումը:

Տեսանյութեր

Լրահոս