
Վրաստանում ձերբակալվել է «օրենքով գողերի» հետ կապված 12 մարդ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի իրավապահները ձերբակալել են 12 մարդու, որոնց կասկածում են «օրենքով գողերի» հետ կապված լինելու մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ը:
Դրանում ասվում է, որ ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում Սամեգրելոյում, Իմերեթիայում ու Թբիլիսիում ձերբակալվել է 12 մարդ, որոնք նախկինում դատապարտվել են ծանր հանցագործություններ կատարելու համար:
Հետաքննությունը հաստատել է, որ ձերբակալվածներն ընդունում են գողական աշխարհը և գործում են նրա հատուկ կանոններով՝ փորձելով նպատակամղված կերպ հասարակությունում ներկայացնել գողական աշխարհի շահերը:
Հետաքննությունը նաև հաստատել է, որ ձերբակալվածները գտնվում են երկրի սահմաններից դուրս գտնվող «օրենքով գողերի» ազդեցության ներքո և կատարում են նրանց հանձնարարած առաջադրանքները: Հետաքննություն իրականացվում է 223-րդ հոդվածի առաջին կետով, որով նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերին Վրաստանում ընդունված նոր օրենքով նախատեսվում էր «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 7-10 տարվա ազատազրկում:
Այդ բարեփոխման հեղինակները շեշտը դրել էին գողական աշխարհի «ազնվության օրենսգրքի» յուրահատկության վրա, որի համաձայն, «թագադրված գողը» իրավունք չունի հերքել իր կարգավիճակը: Իսկ միայն մեկ խոստովանությունն արդեն իսկ բավական էր նրան դատապարտելու համար:
Դա հնարավորություն տվեց հատուկ ստեղծված բանտ նետել մոտ 50 «օրենքով գողերի», ինչպես նաև հանգեցրեց Վրաստանից քրեական այլ հեղինակությունների վտարմանը: