Բաժիններ՝

Կարակասում տեղի է ունեցել Սիմոն Բոլիվարի դամբարանի բացումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել Սիմոն Բոլիվարի դամբարանի բացումը, ով հանդիսացել է Լատինական Ամերիկայում իսպանական գաղութների մղած անկախության պատերազմի ղեկավարներից մեկը:

Դամբարանի ստեղծման գաղափարը պատկանում է Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին: Դամբարանի շենքն ունի առագաստաձև տեսք և 50 մետր բարձրություն: Նրա ներսում է գտնվում Սիմոն Բոլիվարի աճյունը պարունակող փայտե դագաղը:

Շենքում միաժամանակ կարող է գտնվել մինչև 1500 մարդ: Դամբարանի բացման արարողակարգին ներկա է գտնվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Բոլիվարի դամբարանի ստեղծման գաղափարի մասին Չավեսը հայտարարել էր դեռ 2010 թվականին:

Սակայն երկար ժամանակ ձգձգվում էր դամբարանի բացումը: Դամբարանի կառուցումն արժեցել է տարբեր տվյալներով 95-140 միլիոն դոլար: Ուգո Չավեսը քանիցս Սիմոն Բոլիվարին (1783-1830) անվանել է որպես ազգային հերոս-ազատարար:

1999 թվականին Չավեսը հասավ երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուն և այդ ժամանակից ի վեր երկիրը պաշտոնապես կոչվում է Վենեսուելայի Բոլիվարյան հանրապետություն: 19-րդ դարի կեսերից՝ Բոլիվարի աճյունը գտնվել է Վենեսուելայի Ազգային պանթեոնում:

2010 թվականին այն արտաշիրմմել են՝ ստուգելու համար Ուգո Չավեսի վարկածը, ըստ որի՝ Բոլիվարին բռնի սպանել են, մինչդեռ պաշտոնական տվյալներով նա մահացել է թոքախտից: Սակայն չի հաջողվել պարզել Չավեսի վարկածի իսկությունը:

Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը մահացել է այս տարվա մարտի 5-ին: Մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ՝ նա դարձավ Սիմոն Բոլիվարի անեծքի զոհը (Թութանհամոնի անեծքի նման): ԶԼՄ-ները պնդում են, որ բոլոր նրանք, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Բոլիվարի արտաշիրմման գործընթացին, մահացել են տարբեր հանգամանքներում (ավտովթար, հիվանդություն և այլն): Ողջ էր մնացել միայն Չավեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս