
Թուրքական արտադրության Altay տանկը կարող է հայտնվել ադրբեջանական բանակի զինանոցում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական արտադրության մի շարք զրահամեքենաներով ու Altay նորաստեղծ տանկով, որոնք ցուցադրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում անցկացված IDEF-2013 ռազմական ցուցահանդեսի ժամանակ:
Թուրքական արտադրության այդ զրահատրանսպորտները հետագայում կարող են համալրել ադրբեջանական բանակի զինանոցը: Ադրբեջանական կողմն ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերել է Altay տանկի նկատմամբ:
Արդեն իսկ պատրաստվել է այդ տանկի երկու նախատիպ: Փորձարկման ժամանակ դրանցից մեկը հաղթահարել է ավելի քան 3000 կիլոմետր հեռավորություն: Մյուս նախատիպը ստեղծվել է կրակային թեստերի համար, ինչպես նաև ձմեռային պայմաններում փորձարկվել է Սարիղամիշի շրջանում:
Ադրբեջանական պատվիրակությունը հետաքրքրություն է ցուցաբերել նաև Otokar ընկերության արտադրած Arma մարտական մեքենայի և Tulpar հետևակի մարտական մեքենայի նկատմամբ: