ԱՄՆ-ն Սիրիայի իշխանություններին մեղադրել է քիմիական զենքի կիրառման հետաքննումն արգելափակելու մեջ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունն ՄԱԿ-ի մասնագետներին խոչընդոտում է ստուգել Սիրիայի տարածքում քիմիական զենքի հնարավոր կիրառումը:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ իշխանություններն աշխատում են դաշնակիցների ու սիրիական ընդդիմության հետ՝ տեղեկություններ հավաքելու համար քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին.
«Մենք շարունակում ենք նախագահ Բաշար Ասադին կոչ անել ՄԱԿ-ին թույլ տալ հետաքննություն անցկացնել քիմիական զենքի հնարավոր կիրառման կապակցությամբ: Ավելի վաղ Ասադը ցույց էր տվել, որ պատրաստ է աջակցել դրա պարզմանը, սակայն այժմ արգելափակում է դա:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը տվյալ հարցում չի հենվում միայն ՄԱԿ-ի վրա: Ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկատվություն են հավաքում այդ մասին՝ անկախ ՄԱԿ-ի փորձագետներից»:
Քարնին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվելու է Սիրիային սահմանակից Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հարցը, որին զոհ գնաց 51 մարդ: