Ամերիկյան անօդաչու թռչող սարքն առաջին անգամ թռիչք է գործել ավիակրի վրայից
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) պատմության մեջ առաջին անգամ թռել է ավիակրի տախտակամածից: Այս մասին նշված է ԱՄՆ ռազմածովային ուժերի կայքում:
ԱՄՆ ռազմածովային ավիացիայի հրամանատար, փոխծովակալ Դևիդ Բասը մեկնաբանել է այդ իրադարձությունը. «Այսօր մենք ականատես եղանք մեր նավատորմի ապագայի ոչ մեծ, սակայն վառ մի տեսարանի: Մենք սկսել ենք անօդաչու համակարգն աշխարհի ամենաբարդ մարդական ենթակառույցում ներդնելու գործընթացը»:
X-47B ԱԹՍ-ն թռչել է George H. W. Bush ավիակրի վրայից, որը գտնվել է ԱՄՆ արևելյան ծովափին: Նավի վրա մի քանի պտույտ գործելուց հետո ԱԹՍ-ն վայրէջք է կատարել Մերիլենդ նահանգի Patuxent River բազայի օդանավակայանում:
X-47B-ը ստեղծվել է «սթելս» տեխնոլոգիայով (ռադարների համար անտեսանելի է) և նախատեսված է տարբեր գործողություններ վարելու համար՝ որոնողական, հետախուզական, հարվածային: