Տիգրան Ուրիխանյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Հրավիրվեն, որ ի՞նչ անեն
«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչի՞ շուրջ է Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում քաղաքական ուժերին ու գործիչներին` խոսելու, քննարկելու համար: Ե՞րբ է լինելու քաղաքական օրակարգ, ե՞րբ է լինելու առաջարկ, կոնկրետ գործողությունների պլան` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների տեսքով: Հրավիրվեն, որ ի՞նչ անեն: Ե՞րբ է լինելու այս հարցի պատասխանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն` անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հավաքի հրավերին, որը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13:00-ին «Անի» հյուրանոցում:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, թե «հասել են այն խաչմերուկին», որտեղ, իր կարծիքով, բոլորը պետք է մտածենք սերնդափոխության մասին. «Ես միգուցե երիտասարդներից մեկն եմ, համեմատաբար, բայց ես ինձնից եմ սկսում ու ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրատենք մեր Հանրապետությունը նոր սերնդի համար: Ես պատրաստ եմ դրան»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սերանդափոխության խնդրի քննարկումը առիթ կամ օրակարգային հարց չէ՞:
Ի պատասխան մեր հարցին, Տ. Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Այս ի՞նչ սենդափոխության մասին է խոսքը: Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետաքրքրում են քաղաքական ուժերի գործողությունները, որոնք կհանգեցնեն իրենց իսկ կյանքի որակական փոփոխությանը:
Ի՞նչ գործողությունների մասին է այս դեպքում խոսք գնում, քաղաքական ի՞նչ օրակարգի մասին է խոսքը: Ոչ միայն մեզ, քաղաքական մյուս ուժերին, այլև` ժողովրդին, պետք են այս հարցերի պատասխանները»: Քաղաքական գործիչներն, ըստ Տիգրան Ուրիխանյանի, պետք է փոխվեն ոչ թե ըստ տարիքի, այլ` ըստ աշխատանքի որակի: Նրա խոսքով` քաղաքականության մեջ, պետական կառավարման համակարգում պետք է լինեն բացառապես այnպիսի մարդիկ, ովքեր ունակ են իրականցնելու արդյունավետ վարչարարություն. «Ուրիշ ի՞նչ այլ հատկանիշների մասին է խոսքը: Եթե սենդափոխություն բառը ժողովրդի համար պարզապես ականջահաճո բառ է, ապա այլ բան, իսկ եթե դրա տակ ինչ-որ բան է ենթադրվում, թող բացատրեն, հասկանանք` ինչի՞ մասին է խոսքը: Ես կենսաբանական, տարիքային, ռասսայական, կրոնական, սեռական և այլ պատկանելությունից կախված չեմ դիտարկում պետական ու քաղաքական գործիչներին, այլ` որակյալ աշխատանք ունենալու տեսանկյունից»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ առաջնորդն, այնուամենայնիվ, մասնակցի մայիսի 19-ի հավաքին, Տ. Ուրիպանյանը պատասխանեց, թե մինչև ԲՀԿ-ն չունենա առաջարկ՝ հստակ քաղաքական օրակարգի, գործողությունների պլանի տեսքով, չի կարող քննարկել այդ հարցը:
«Մենք ի՞նչը քննարկենք, ո՞ւր գնանք: Գնանք, որ ի՞նչ անենք»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական օրակարգային առաջարկը, որպեսզի ընդունելի դառնա ԲՀԿ-ի համար, կուսակցության խոսնակը պատասխանեց. «Իմ կարծիքով, պետք է լինեն կետեր, որոնք կտանեն փոփոխությունների: Մոմավառությունն ու ծիսական արարողակարգերը փոփոխություններ չեն իրականացնում: Իսկ փոփոխությունների կարող են հանգեցնել օրենսդրական նախաձեռնությունները և այլն»: