
Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոսի ու Դարաայի միջև մատակարարման ուղին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Սիրիայի կառավարական զորքերը վերստին բացել են Դամասկոսի ու երկրի հարավում ընկած Դարաա քաղաքի միջև ռազմավարական կարևոր խճուղին:
Այս մասին այսօր հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների գծով Դիտարկման խորհուրդը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, ինչ կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են առել Հիրբետ Գազալի քաղաքը, որն ավելի վաղ գրավվել էր զինյալների կողմից:
Լոնդոնում բազավորված սիրիացի իրավապաշտպաններն ընդգծում են, որ ներկայումս զինվորականները քաղաքում իրականացնում են մաքրման գործընթաց: Նրանք ընդգծում են, որ Դամասկոսի ու Դարաայի միջև ընկած ճանապարհը նախագահ Բաշար Ասադի զորքերի համար հանդիսանում է մատակարարման կարևոր ուղի: